«Առաջնորդների դասընթացներն օգնում են առաջնորդին բնորոշ հմտություններ ձեռք բերել». Կարո Արսլանյան
ՀՀ սփյուռքի նախարարության բազմաթիվ նախաձեռնություններից մեկն էլ «Սփյուռք» ամառային դպրոց ծրագիրն է, որում ներառված են նաև Առաջնորդների դասընթացները: Ամեն տարի այս դասընթացներին մասնակցում են Սփյուռքի տարբեր երկրներից Հայաստան եկող հայորդիները: Նրանցից մեկն էլ Կարո Արսլանյանն է՝ Քուվեյթից, ում հետ զրույց ծավալվեց «Հայերն այսօր»-ի համար:
-Կարո՛, ասացեք խնդրեմ, ի՞նչ մասնագետ եք և ի՞նչ է տալիս Ձեզ այս դասընթացը:
-Ես բնիկ սիրիահայ եմ, ավարտել եմ Կարեն-Եփփե ազգային ճեմարանը, հետագայում Հալեպի պետական համալսարանում մասնագիտացել եմ քիմիագիտության մեջ, այնուհետև 4 տարի Կարեն Եփփե ազգային ճեմարանում աշխատել եմ որպես ուսուցիչ: Հետագայում տեղափոխվել եմ Քուվեյթ և արդեն 10 տարի վարում եմ Քուվեյթի ազգային վարժարանի փոխտնօրենի պաշտոնը:
-Քիմիա չե՞ք դասավանդում…
-Քիմիա չեմ դասավանդում, որովհետև յուրաքանչյուր անհատ մի աշխատանք անելու իրավունք ունի. այդպիսի՛ն են երկրի օրենքները, սակայն ներքին կարգով դասավանդում եմ «Հայ դատ»:
-Այս դասընթացին մասնակցելու որոշումը Ձե՞րն է. ի՞նչ ակնկալիքներ ունեիք այս ծրագրից:
-Սա անհատական որոշում չէ, համայնքի որոշումն է, սակայն ցանկությունն, անշուշտ, իմն էր: Ես զբաղվում եմ նաև ավագ դպրոցի աշակերտների, երիտասարդների խնդիրներով, հետևաբար, մենք հարմար գտանք մեր մասնակցությունն ունենալ այս դասընթացներին:
-Ձեր կարծիքով առաջնորդ ծնվու՞մ են, թե՞ դառնում են:
-Շատ հետաքրքիր հարցում է. այս հարցին մենք անդրադարձել ենք դասընթացի ժամանակ: Իհարկե, առաջնորդներն ի ծնե ունենում են բնավորության որոշակի առանձնահատկություններ, սակայն կարելի է որոշ հմտություններ ձեռք բերել դաստիարակչական, կրթական մեթոդներով:
-Դուք ծնվե՞լ եք առաջնորդ, թե՞սովորում եք դառնալ առաջնորդ…
-Անհամեստություն չթվա, սակայն ասեմ, որ առաջնորդողին բնորոշ մի քանի գծեր ունեմ, որոնք պետք է զարգացնել, հմտություն ձեռք բերել. մարդն անպայման պետք է ինքնազարգացմամբ զբաղվի: Առաջնորդին բնորոշ հատկանիշների մեջ կարևոր են ոչ միայն կամային հատկանիշները, այլև՝ բազմակողմանի զարգացվածությունն ու կազմակերպչական ջիղը: Առաջնորդը պետք է լինի ինքնավստահ, համբերատար, լավ ծրագրավորող, նպատակասլաց, կարողանա ճանաչել սեփական ուժերը:
– Քուվեյթ վերադառնալուց հետո ու՞մ և ի՞նչ եք սովորեցնելու այստեղ ձեռք բերած հմտություններից:
-Որպես մանկավարժ՝ ես գտնում եմ, որ մեզ փոխանցված գիտելիքներն ավելացնելով՝ պետք է փոխանցենք հաջորդ սերունդներին: Ես սկաուտների շարքերում եմ եղել, Սփյուռքում մեզ դաստիարակել են ու սովորեցրել մեր իմացածը փոխանցել նորերին: Մենք ամեն ջանք գործադրում ենք, որ երիտասարդությանը մղենք դեպի Հայրենիք, որպեսզի նրանք Հայրենիքը չընկալեն ոչ որպես վերացական գաղափար: Փա՛ռք Աստծո, վերջին տարիներին շատ ուսանողներ ունենք Բժշկական, ճարտարագիտական համալսարաններում: Այս տարի Ճարտարագիտական համալսարանում 5 շրջանավարտ ունեցանք, իսկ 4 հոգի ընդունվեցին Բժշկական համալսարան:
-Հարգելի՛ Կարո, Դուք ասացիք, որ վարում եք Քուվեյթի միակ ազգային հայկական դպրոցի տնօրենի պաշտոնը, սակայն ես գիտեմ, որ Դուք նաև «Ազդարար» ամսաթերթի խմբագիրն եք. ասացեք, խնդրեմ, թե ինչ ուղղվածություն ունի այն և ինչպիսի նյութեր են տեղ գտնում թերթի էջերում:
-Այո՛, ես նաև այդ թերթի խմբագիրն եմ. այնտեղ հրապարակվում են զանազան բնույթի նյութեր՝ սկսած քաղաքականից, վերջացրած՝ մշակութային նյութերով: Բացի այդ՝ ես նաև ստեղծագործում եմ, երևի մոտ օրերս հրատարակվի իմ բանաստեղծությունների ժողովածուն. հուսամ, որ Հայրենիքում կանեմ գրքիս շնորհանդեսը:
-Հասցրե՞լ եք նաև շրջել քաղաքում, տեսարժան վայրերում լինել:
-Օրը շատ հագեցած է լինում, դասընթացը երկար է տևում, ուստի շատ շրջել չի հաջողվում, սակայն ասեմ, որ ես Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մագիստրատուրայի ուսանող եմ. Երևանը, Հայաստանն ինձ անծանոթ չեն, աչքերս գոց՝ գիտեմ Երևանը:
Զրուցեց Կարինե Ավագյանը