Ստամբուլի Հրանտ Դինք վարժարանի աշակերտների ավարտական քննությունները՝ Մայր հայրենիքում

Հունիսի առաջին օրերին Ստամբուլի Հրանտ Դինք վարժարանի ավարտական՝ 9-րդ դասարանի աշակերտները, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ եղած պայմանավորվածության համաձայն, եկան Հայաստան՝ պետական քննություններ հանձնելու և պետական նմուշի ավարտական վկայականներ ստանալու, ինչպես նաև ավագ դպրոցը հայրենիքում շարունակելու հույսով։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է  Լիլիթ Պողոսյանը, այս գործընթացը չափազանց կարևոր է, քանի որ աշակերտների կրթությունը ստանում է պաշտոնական կարգավիճակ, աշակերտները ստանում են պետական նմուշի ավարտական վկայական և որ ամենակարևորն է՝ հետագա ուսումնառությունը ընթանալու է հայրենիքում, ինչը դպրոցի գաղափարախոսության հիմնասյուններից մեկն է։ Դպրոցի համար միշտ ամենակարևոր և նվիրական նպատակներից մեկն է եղել աշակերտներին, նրանց ընտանիքներին Հայաստանի հետ կապելը։

Նրանց Երևանում ուղեկցում, ոգևորում և պաշտոնապես ներկայացնում էր դպրոցի փոխտնօրեն Դավիթ Խաչատրյանը։

Հունիսի 9-ին նրանց  միացան նաև դպրոցի հոգաբարձուներ Հորոզօղլուները՝ աշակերտներին քաջալերելու համար։ Հայրենիքում հանդիպումն անչափ ուրախ, հետաքրքիր և կարոտագին ստացվեց, հրաշալի ժամանակ անցկացրին Երևանի հյուրընկալ և հարազատ մթնոլորտում։

Հրաշալի, հետաքրքիր ու օգտակար այցելություն տեղի ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանում (ԱՈՒԱ), ուր երկու ուսանողներ մեծ սիրով ու պատրաստակամությամբ պտույտ կազմակերպեցին համալսարանում և պատմեցին համալսարանի պատմության, կրթության առանձնահատկությունների մասին։

Ուսումնական իմաստով ամենահետաքրքիր միջոցառումը Հայաստանի պատմության պետական թանգարան այցելությունն էր, որտեղ բոլորս ծանոթացանք մեր հարուստ պատմությանը և ոգևորված դուրս եկանք թանգարանից:

Scroll Up