Կանաչ ճանապա՛րհ «Նաիրի»  համահայկական երաժշտական փառատոնին

 Հայաստանի ամեն մի գողտրիկ անկյուն տարիների ընթացքում կվերածվի մշակութային  նորօրյա  օջախի ՝ դառնալով  մեր Հայրենիքի  յուրօրինակ խորհրդանիշ,  սերունդներին ի պահ տրվող հրաշալի ժառանգություն. դրանցից մեկը  մշակութային գործիչ Սամվել Հարոյանի «Նաիրի» համահայկական փառատոնի մտահղացման շրջանակներում ստեղծված «Նաիրի» երաժշտական այգին է:  Փառատոնի և երաժշտական այգու մասին պարոն Հարոյանի հետ հետաքրքիր զրույց  ունեցա, որը ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի ընթերցողների ուշադրությանը::

-Պարո՛ն  Հարոյան,  պատմեք խնդրեմ  նոր ծնունդ առած «Նաիրի»  համահայկական փառատոնի մասին. ու՞մ մտահղացումն  է, ովքե՞ր են աջակցում և հովանավորում այն և ի՞նչ ձևաչափի մեջ է իրականացվում:

-Մտահղացումն իմն է. այդ գաղափարը ծնվել է դեռևս Սփյուռքի նախարարությունում աշխատելուս տարիներին: Խորհրդակցել եմ նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, ով իրեն հատուկ հայրենասիրությամբ ըմբռնեց, հավանեց և, այսպես ասած, կանաչ ճանապարհ բացեց: Դրանից առավել ոգևորվելով՝ ես սկսեցի կազմել ծրագիրը: Երբ դեռևս ղեկավարում էի «Իմ Հայաստան» փառատոնը, ես այդ ժամանակ արդեն մտածում էի Երևանում ստեղծել հայ երաժշտությանը, մասնավորապես՝  հայ երաժշտական նվագարաններին նվիրված այգի: Այդպես է ծնունդ առել  այս գաղափարը, սակայն ժամանակի ընթացքում, բնականաբար, ինչպես բոլոր մեծ ձեռնարկների դեպքում, պետք է  լինեին նաև հարակից հարցեր՝ ֆինանսական, գաղափարական կամ ստեղծագործական և կազմակերպչական: Ֆինանսականի համար բավականին ժամանակ պետք եղավ՝ գտնելու համապատասխան անհատին, համապատասխան կազմակերպությանը: Մեր կողքին կանգնեցին «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրը և նրա սեփականատեր ռուսաստաբնակ գործարար Գրիգոր Ղուկասյանը:  Ընթացքում մեր աշխատանքային խումբն անընդհատ խորհրդակցություններ էր ունենում, հանդիպում էինք ճանաչված, հեղինակավոր երաժիշտների, մտավորականների հետ, խորհրդակցում, քննարկում  անելիքները: Մեր աշխատակազմում ընդգրկված է Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից արհեստավարժ մասնագետներից կազմված  հանձնախումբ, որովհետև համահայկական բնույթ կրող ծրագիրը խորհրդանշում է Հայոց եռամիասնությունը: Մենք ունենք մեր կայքն, ուր ամեն ինչ գրված է, տեղադրված  են նյութեր ու լուսանկարներ՝ մեր գործունեության, իրականացրած միջոցառումների մասին: Երաժշտական այգու հիմքերն արդեն  իրականացրել ենք, ծառատունկ ենք արել (ծառատունկն էլ արվում է մի քանի փուլերով, սա առաջին փուլն էր), արդեն տեղադրված է 42 կաղնեծառի անվանական տնկի, որոնց վրա նշված է, թե ով է տնկել, որ կազմակերպության կողմից:

«Նաիրի» երաժշտական այգու պաշտոնական բացումը գեղատեսիլ Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում տեղի կունենա սեպտեմբերի 17-ին: Ծառատունկը լինելու է յուրաքանչյուր տարի, ծառերը լինելու են միշտ  անվանական:  Հայկական տրավերտին քարատեսակից պատրաստվելու  են  2-2.5 մետրանոց սալիկներ, որոնց վրա տեղադրվելու են հայ երաժշտությունը, ազգային նվագարանները,  երգարվեստը  խորհրդանշող 10  հարթաքանդակներ. դրանք լինելու են մեր հիմնական անվանակարգերը ՝ տարվա լավագույն ժողովրդական, դասական երգերի կատարող, տարվա կոմպոզիտոր, խմբավար, երաժշտագետ, լարային, հարվածային, փողային գործիքներ նվագող և այլն:

-Հնարավո՞ր է, որ հետագայում երաժշտական այգում ունենաք նաև բեմահարթակ, կազմակերպեք համերգներ, մրցույթներ, երաժշտական փառատոներ, հանդիպումներ…

-Ես  այնպիսի տպավորություն ունեմ, որ Դուք ամբողջովին տեղեկացված եք մեր  հետագա  ծրագրերից, որովհետև մենք ունենք այդպիսի մտադրություն, ծրագիր, որն արդեն միս ու արյուն է ստանում. ճարտարապետ Արթուր Մեսչյանը  նախագծել է այդ կառույցը, ունենալու ենք 350 տեղանոց համերգային դահլիճ (ամառային և ձմեռային), կունենանք նաև երաժշտական թանգարան-պատկերասրահ, որի կահավորումը կսկսենք հաջորդ տարի: Այնտեղ կունենանք հայ երաժշտության պատմությանը նվիրված նյութեր, երաժշտական նվագարաններ, հայ երաժշտությունը խորհրդանշող ձեռագործ աշխատանքներ, կտավներ, քանդակներ…Այս երաժշտական այգի-թանգարանը մեծապես կնպաստի նաև Հայաստանի զբոսաշրջային արվեստի զարգացմանը:

 -Սկսված աշխատանքներն ի՞նչ փուլում են:

– Կարծում եմ՝ օգոստոսի վերջում կունենանք այդ 10 հարթաքանդակները, և սեպտեմբերին կլինի նաև դրանց բացման հանդիսավոր արարողությունը: Սեպտեմբերի 20-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենալու մրցանակաբաշխություն-շքահանդեսը, ուր կհայտարարվեն 10 անվանակարգերում հաղթողների անունները: Մոտակա օրերին մտադիր ենք հաղթողներին հրավիրել Սփյուռքի նախարարություն և տեղեկացնել այդ մասին:

-Հնարավո՞ր է, որ «Նաիրի» համահայկական փառատոնի հետագայի ծավալները, գործառույթները թույլ տան, որպեսզի մոռացության փոշուց հանվեն մեծ երաժիշտների, երգիչների անունները,  սկսեն հնչել նրանց կատարումները:

-Այո՛, հնարավոր է և անհրաժե՛շտ է: «Նաիրի»-ն գործում է. ժամանակի ընթացքում, անշուշտ, նոր մտահղացումներ կլինեն: Առանց այդ մեծերի՝ մենք շատ բան կորցրած կլինեինք:

-Ի՞նչ հիմունքներով եք որոշել  հաղթողներին. մրցո՞ւյթ եք անցկացրել;

– Այս տարի մրցույթ չենք իրականացնում, առաջնորդվում ենք նրանց անցած ստեղծագործական ճանապարհով և ծավալած երաժշտական գործունեությամբ, երաժշտարվեստում ունեցած վաստակով: Մեր արհեստավարժ հանձնախումբը  ընտրում է ամենարժանավորներին. արդեն ունենք այդ ցանկը: Ընդհանրապես, պետք է ընտրության հարցում միշտ  խստապահանջ լինենք և ի նկատի ունենանք պրոֆեսիոնալներին

 -Պարո՛ն  Հարոյան, երաժշտական խմբերի մասնակցության համար նախատեսվա՞ծ են մրցանակային տեղեր, թե՞ պարզապես լինելու է սոսկ մասնակցություն՝ գեղարվեստական միջոցառման ձևաչափով:

-Անշուշտ, լինելու են մրցանակային տեղեր՝ սահմանված անվանակարգերով:

-Պարո՛ն Հարոյան, Ձեր թվարկած ցանկում դարձյալ անվանի, ճանաչված անհատներ են, իսկ երիտասարդների մասո՞վ…հնարավո՞ր է, որ անդրադառնաք նաև մանկական երաժշտախմբերին, փոքրիկ կատարողներին:

– Այո՛, հետագայում մտածում ենք նաև որոշակի տարիքային սահմանափակումներով ընտրել նաև երիտասարդ տաղանդներին, ովքեր գոնԵ 10 տարվա վաստակ ունեն. այո՛, հնարավոր է  անդրադառնանք  նաև մանկական երաժշտախմբերին ու փոքրիկ կատարողներին: Ծրագրում ներառված են ամենաազնիվ ու հայանպաստ նպատակները. ժամանակը ցույց կտա աշխատանքների պտուղները:

-Մրցանակային խորհրդանիշն ինչպիսի՞ տեսք և իմաստ ունի:

-Հայոց եռամիասնությունը խորհրդանշող 30 սմ բարձրությամբ բրոնզաձույլ գեղեցիկ արձանիկ ունենք. պատկերված է Մասիսը, որը խորհրդանշում է Հայաստանը, Սիսը՝ Արցախը, իսկ նրանց իր թևերով գրկած կռունկը խորհրդանշում է Սփյուռքը. հեղինակը քանդակագործ Հայկ Պետրոսյանն է: Ունենք նաև հատուկ մրցանակ՝ մեր ոսկեզօծ լոգոն՝ հուշամեդալի տեսքով, կլինեն նաև ոսկուց պատրաստված խորհրդանշական  կրծքանշաններ, ինչպես նաև՝ դիպլոմներ, հավաստագրեր և դրամական, խրախուսական պարգևատրումներ:

-Մասնագիտությամբ երաժիշտ չլինելով՝ ինչու՞ լծվեցիք հե՛նց երաժշտական փառատոներ կազմակերպելու գործին:

-Մեր ընտանիքում արվեստը, մշակույթը միշտ առաջնային տեղում են եղել, խնկարկվել է հայ երգը, միշտ հնչել է միմիայն մաքրամաքուր հայերենը. ծնողներս բանասերներ են եղել: Ընտանիքիս մշակութային մթնոլորտը, բնականաբար, իր ազդեցությունը թողել է իմ ներքնաշխարհի ձևավորման վրա: Ինչ վերաբերում է մասնագիտական  ուղղվածությանս, ապա ասեմ, որ երաժիշտ չեմ, Խորհրդային միության տարիներին մշտապես զբաղվել եմ կազմակերպչական աշխատանքներով, բարձր պաշտոններ եմ զբաղեցրել…Գուցե  ընտանեկան մթնոլորտը, ստացածս դաստիարակությունն ու կազմակերպչական ջիղն են ինձ ուղղորդել  երաժշտարվեստի աշխարհ: Ես միայն երաժշտական փառատոներ չէ, որ  ղեկավարել եմ. մի քանի տարաբնույթ փառատոներ եմ կազմակերպել: Ասեմ, որ հիմնականում երաժշտական փառատոներին հակվեցի, երբ անդրադարձա հայկական երգարանների կազմելու աշխատանքին:

-Պարո՛ն Հարոյան, ու՞մ է ենթարկվում «Նաիրի» համահայկական փառատոնն իր  աշխատակազմով, կազմկոմիտեով, ֆինանսական հարցերով, ու՞մ «թևի տակ է ծվարել»,  ո՞ր  նախարարության օղակն  է,  ովքե՞ր են ընդգրկված կազմկոմիտեում:

-«Նաիրի» փառատոնը ենթարկվում է հայ ազգին…Այսպես ձևակերպեմ՝ մեր փառատոնն ունի առաջնորդող ուժեր, դրանք են՝ ՀՀ սփյուռքի նախարարությունն ու ՀՀ մշակույթի նախարարությունը,  կազմկոմիտեի նախագահը Հրանուշ Հակոբյանն է, կազմում ընդգրկված են Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և ուրիշներ, գեղխորհուրդ ունենք, հանձնախումբ, հիմնադրամ: Կազմկոմիտեում ընդգրկված է 18 հոգի, 20-ից ավելի ժյուրիի կազմն է. որոշակի խնդիրներ ունեցող տարբեր օղակներ այս պահին արդեն իրենց գործերն են անում, ընթացքի մեջ են բոլոր աշխատանքները:

-Պարո՛ն Հարոյան, ի՞նչն է Ձեզ ուղղորդում՝ զբաղվելու այսպիսի հայանպաստ գործով,  ի՞նչ  սկզբունքով եք առաջնորդվում:

-Ես ուղղորդվում եմ հայրենասիրության, սերունդներին գեղեցիկ ավանդույթներ թողնելու  սկզբունքներով:  Մենք պարտավոր ենք սերունդներին հայ պահել, հայեցի կրթել: Մի այսպիսի հանրահայտ միտք կա՝« Հայն այն մարդը չէ, ում ծնողներն են հայ, այլ այն մարդը, ում զավակնե՛րն են հայ». հա՛յ մեծացնենք մեր զավակներին:

-Շնորհակալությու՛ն հարցազրույցի համար. «Նաիրի»-ին թո՛ղ երկար կյանք ու բեղմնավոր գործունեություն ունենա՝ ի նպաստ հայ երաժշտարվեստի:

 Կարինե Ավագյան

Scroll Up