Երևանում Հայոց ցեղասպանության մասին պատմող թուրքական նոր ֆիլմ կցուցադրվի
Երևանում հունիսի 7-ին ցուցադրվելու է հայերի կոտորածների մասին պատմող թուրքական «Վանքի երեխաները» ֆիլմը։ Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանում «Արևմտահայոց ազգային համագումար»-ի լիազոր ներկայացուցիչ և «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը:
Ախոյանը նշել է, որ «Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային ոչ կառավարական կազմակերպության մշակույթի հանձնաժողովը նախաձեռնել է Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին թուրք հեղինակների՝ պրոդյուսեր Քազըմ Գյունդողանի և ռեժիսոր Նեզահաթ Գյունդողանի նկարահանած ֆիլմի երևանյան ցուցադրությունը, որը կկայանա «Մոսկվա» կինոթատրոնում։
«Բազմիցս, տարիներ շարունակ «Վերադարձ» հիմնադրամը տարբեր մշակութային ծրագրեր է իրականացրել և այսօր այս առումով ունենք երկու միջոցառում: Մեկը լինելու է հունիսի 7-ին՝ Մոսկվա կինոթատրոնում ժամը 18:00-ին կցուցադրվի «Վանքի երեխաները» ֆիլմը»,-ասել է Ախոյանը՝ շեշտելով, որ 1 ժամ տևողությամբ ֆիլմը պատմում է ցեղասպանության ժամանակ տարբեր ճանապարհներով փրկված և քրդերի ու թուրքերի մեջ մեծացած հայ երեխաների մասին:
Իր հերթին ֆիլմի պրոդյուսեր Քազըմ Գյունդողանը նշել է, որ Թուրքիայում մինչ օրս էլ շարունակվում է ժխտողական քաղաքականությունը կապված այդ երկրում 20-րդ դարում տեղի ունեցած բազմաթիվ ցեղասպանությունների հետ, որոնց զոհ են դարձել այդ երկրում ապրող բազմաթիվ ազգերի ներկայացուցիչները, այդ թվում նաև հայերը: