Մեծ Վանեցու՝ մանկավարժ-հոգեբան Համբարձում Երամյանի նվիրումը

Հայ մանկավարժության պատմության էջերը շատ հարուստ են անվանի մանկավարժների անուններով. հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում միշտ կարևորել է կրթությունը՝ դեռևս վաղ՝ Մաշտոցյան ժամանակներից հիմնելով դպրոցներ, նախակրթարաններ,երկրորդական վարժարաններ, համալսարաններ, գիտության ու մտքի կաճառներ:

…Մայիսի 5-ին Հովհաննես Թումանյանի տուն–թանգարանում հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, բազմաթիվ արժեքավոր գրքերի հեղինակ Սամվել Կարապետյանը դասախոսություն կարդաց վանեցի ճանաչված մանկավարժ, հրաշալի մտավորական Համբարձում Երամյանի մասին: Ներկաները՝ մանկավարժներ, ծնողներ, աշակերտներ, մտավորականներ ու լրագրողներ, համակ ուշադրությամբ էին լսում մեծ մանկավարժի կենսագրության ու նրա ծավալած հայրենանվեր գործունեության հետաքրքիր դրվագների պատմությունները: Մեր հասարակության մի ստվար մասն, այդ թվում՝ նաև աշակերտությունը, գրեթե տեղյակ չեն Վանում ծնված, հետագայում Եգիպտոսում՝ Ալեքսանդրիայում, Բուր Սայիդում աշխատած մեծ մանկավարժի ծավալած կրթական, բարեսիրական գործունեությանը, որի մասին Սամվել Կարապետյանը ներկայացրեց հանգամանալից՝ առանձնակի շեշտադրելով նրա կազմակերպչական ջիղն ու մարդասեր էությունը: Հարյուրավոր շրջանավարտներ տված Հ. Երամյանը հայտնի է նաև Վանում հիմնած իր՝ «Երամյան» ուսումնարանով, «Հուշարձան Վան-Վասպուրականի» աշխատությամբ, ուր գրել է Վասպուրականի պատմության մասին, լուսաբանել 1915թ. Ցեղասպանության հետ կապված իրադարձությունները: Երամյանն իր ողջ կյանքում սիրահարված է մնացել հարազատ ծննդավայրին և իր ընտրած՝ մանկավարժական աշխատանքին: Նա շատ է կարևորել ընթերցանությունը և այդ առիթով գրել է. «Անհագ ընթերցասեր մը եղած էի…»: Նրա ուշադրության կենտրոնում են միշտ եղել որբ ու աղքատ մանուկները, նրանց կրթության հարցերը: Սամվել Կարապետյանի հեղինակությամբ մանկավարժ-մտավորական և գրող Համբարձում Երամյանին նվիրված գիրքը մոտ ապագայում կլինի ընթերցողների սեղաններին: Մեծ Վանեցու ազգասեր նվիրումը կրթությանն ու բարեսիրությանը հրաշալի դաս է բոլոր մանկավարժների համար:

 …Ժամանակի մոռացության փոշով երբեք չեն կարող պատվել մեծ արժեքները, դրանք պարզապես նորովի և առավել ուսումնասիրված են ներկայանում մեր ժողովրդին: Համբարձում Երամյանին դեռ շատերը կանդրադառնան, կսովորեն նրանից, հետադարձ հայացք կձգեն մեծ վանեցու հիմնած կրթական մեթոդներին և իսկական մանկավարժին ու հոգեբանին հարիր լայնախոհ, բարեսեր, ազգասեր էության անցած բազմաբեղուն ճանապարհին:

Կարինե Ավագյան

«Հայերն այսօր»

18336548_1451591828227145_213250443_n

Scroll Up