Միջոցառում նվիրված Վահան Թեքեյանի 139-ամյակին

Ապրիլի 4-ին Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը-2017» ծրագրում ընդգրկված սփյուռքահայ գրականության եզակի բանաստեղծ, հայ մտքի ճարտարապետ Վահան Թեքեյանի 139-ամյակին:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են դպրոցից, տեսանյութի դիտումը բացահայտեց Թեքեյանի կյանքի և գործունեության կարևորագույն դրվագները, քաղաքական և կուսակցական հայացքները, ինչպես նաև ստեղծագործական աշխարհը: Աշակերտները նրան ներկայացրին որպես նրբության մեջ խոր և պարզության մեջ բարդ արվեստագետի, որպես հայ պոեզիայի ամենակատարյալ վարպետի, ում բանաստեղծական աշխարհը գաղտնի պարտեզ է, որտեղ մութ շերտեր շատ կան: Այնուհետև արտասանեցին Թեքեյանի նշանավոր քերթվածները՝ «Ես սիրեցի», «Անունդ», «Կանձրևե, տղա՛ս…», «Տաղ հայերեն լեզվի», «Քու հիշատակդ այս գիշեր»:
Շատ կարևոր էր, որ աշակերտներն անդրադարձան նաև Վահան Թեքեյանի և Վահան Տերյանի ստեղծագործական ոճային նմանություններին՝ որպես սիմվոլիստական ուղղության ներկայացուցիչներ:
Միջոցառման ավարտին կազմակերպիչ ուսուցիչների կողմից հնչեցին կարծիքներ և մեջբերումներ Թեքեյանի մասին՝ կարևորելով նրա անգնահատելի դերն ու ավանդը հայ և սփյուռքահայ իրականության մեջ, նաև առանձնացրեցին բանաստեղծի հետևյալ մտքերը. «Ահավասիկ կուզեի շարունակել և ըսել, որ լավագույն սերն ան է, որ լռության մեջ կանցնի…», «Սրինգը քաղցր է թերևս, քան շեփորի ձայնը բամբ..»: