Մայրենիի տոնը Բուլղարիայի Կրջալի քաղաքի հայկական համայնքում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/02/Բուլղարիա.jpg)
Փետրվարի 21-ին Պլովդիվում ՀՀ պատվավոր հյուպատոս Եղիազար Ուզունյանը և պատվավոր հյուպատոսի մշակութային հարցերով խորհրդական Աղավնի Գևորգյանը Մայրենիի տոնը նշել են Բուլղարիայի Կրջալի քաղաքում՝ հյուրընկալվելով հայկական համայնքում:
«Այդ փոքրիկ քաղաքի բնակիչների մեծամասնությունը թուրքեր են, հայերը շատ քիչ թիվ են կազմում, բայց ունեն փոքրիկ ակումբ, գործում է «Սևան» կազմակերպությունը: Տարին 2 անգամ պատվավոր հյուպատոս Եղիազար Ուզունյանը և ես հյուրընկալվում ենք քաղաքում, որպեսզի միասին նշենք մեծ նշանակություն ունեցող հայկական տոները: Այս կերպ փորձում ենք համայնքի անդամներին մոտ պահել մեր ազգային տոներին, ավանդույթներին ու սովորույթներին»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Աղավնի Գևորգյանը:
Հավաք-հանդիպմանը ՀՀ պատվավոր հյուպատոսի մշակութային հարցերով խորհրդականը ներկայացրել է Ղևոնդյան և Վարդանանց տոներին նվիրված փոքրիկ դասախոսություն, անդրադարձել է Մեսրոպ Մաշտոցի ստեղծած Հայոց այբուբենի պատմությանը, խոսել Աստվածաշնչի հայերեն թարգմանության մասին: Այդ ամենը համեմված է եղել լուսանկարներով և հայկական երաժշտությամբ:
«Հայկական համայնքի անդամները և իրենց բուլղար ընկերները մեծ հետաքրքրությամբ էին լսում պատմությունները: Հուսանք՝ այդ դասախոսության շնորհիվ մենք կարողացանք լուսավորել և վերանորոգել մեր հայրենակիցների ազգային զգացումները: Հանդիպումը շարունակվեց համայնքի ակումբում, որտեղ Բուլղարիայի այդ փոքրիկ քաղաքում ապրող հայերը ցուցադրեցին տարիներ շարունակ խնամքով պահված իրենց նախնիների լուսանկարները: Անչափ հուզիչ է հանդիպել փոքրիկ համայնքներում ապրող մեր հայրենակիցներին»,- ասաց Աղավնի Գևորգյանը:
Դասախոսությանը ներկա էին նաև «Սևան» կազմակերպության ղեկավար Հակոբ Ուզուն-Պողոսյանը և Կրջալիի քաղաքապետարանի ներկայացուցիչ Պետյա Նազարովան:
Հանդիպման ավարտին Պետյա Նազարովան Բալկանյան պատերազմի 100-րդ տարելիցին և քաղաքի ազատագրմանը նվիրված պատկերագիրք է նվիրել Եղիազար Ուզունյանին:
«Շատ հետաքրքիր պատկերագիրք էր, որտեղ լուսանկարների միջոցով ներկայացված էին նաև քաղաքի հայերի կյանքը՝ հայկական տարբեր տոնակատարությունները, ամենահին սրճարանը, որ հայերն ունեցել են և այլն: Այդ ամենը կմնա իբրև լավ հիշատակ՝ հաջորդ սերունդների համար: Պատկերագիրքը կցուցադրենք նաև Պլովդիվի մշակութային կենտրոնի հյուրերին»,- նշեց Աղավնի Գևորգյանը և հավելեց, որ Վարդանանց և Մայրենիի տոների առիթով Եղիազար Ուզունյանը նվիրատվություն է կատարել Պլովդիվի հայկական դպրոցին, որը կբաժանվի այն աշակերտներին, որոնք սիրով ու եռանդով են սովորում իրենց Մայրենին: