Մի օր էլ ես զինվոր կդառնամ ու կպաշտպանեմ հայրենիքիս սահմանները. Նովոսիբիրսկում ապրող պատանիներ

Նովոսիբիրսկի ազգային մշակութային տարածաշրջանային ինքնավարությունը Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի առիթով համայնքում մի շարք միջոցառումներ է կազմակերպել, որոնց ժամանակ «Արարատ» կիրակնօրյա դպրոցի սաները ընթերցել են իրենց գրած նամակները՝ ուղղված մեր երկրի սահմանները պաշտպանող իրենց ավագ եղբայրներին։

«Հայերն այսօր»-ը կից ներկայացնում է այդ նամակները, որոնք փոխանցվելու են նաև Հայոց բանակում ծառայող մեր մարտիկներին։

Բարև իմ սիրելի եղբայր: Անցել է շատ կարճ ժամանակ, բայց ես հասցրել եմ քեզ կարոտել: Ինձ ոչ ոք չի նեղացնում ու ամեն ին չ առաջվա նման է ընթանում: Շատ եմ ափսոսում, որ դու ներկա չեղար երաժշտականիս վերջին զանգին, բայց ես հպարտ եմ քեզանով՝ իմ անկախ Հայաստանի զինվոր: Մաղթում եմ Քեզ բարի ու անփորձանք ծառայություն:

ՔՈ ՔՈՒՅՐ ՝ԴԱՆԻԼՅԱՆ ՆՈՒՆԵ (12 տարեկան)

***

Բարև իմ զինվոր եղբայր: Այս նամակով ցանկանում եմ իմ անսահման շնորհակալությունը  հայտնել քեզ: Ճիշտ է, եղբայրս, քեզ շատ եմ կարոտել, բայց հպարտ եմ, որ քեզ պես հայրենասեր եղբայր ունեմ: Մի օր էլ ես զինվոր կդառնամ ու կպաշտպանեմ հայրենիքիս սահմանները: Այո՛, ես հաստատ որոշել եմ, որ հայոց բանակի զինվոր եմ դառնալու: Սիրելի եղբայր, ուշացումով շնորհավորում եմ հայոց բանակի տոնդ՝ չէ որ ՞ այդ բանակի մի մասնիկն էլ դու ես: Ցանկանում եմ քեզ և բոլոր մեր հայ զինվորներին բարի ծառայություն, խաղաղություն և բարի վերադարձ հայրենի օջախներ:

ՔՈ ԵՂԲԱՅՐ ՝ԳԵՎՈՐԳՅԱՆ ԿԻՄ (12 տարեկան)

***

Բարև իմ անծանոթ զինվոր: Քեզ գրում է Ալիսան:

Ես 9տարեկան եմ ու մի փոքր պատկերացնում եմ, թե ինչ է նշանակում լինել հայոց բանակի զինվոր: Հասկանում եմ, որ հայրենասեր ու ուժեղ ես: Շնորհակալ եմ քեզնից, եղբայրս: Ծառայիր խաղությամբ ու վերադարձիր քո ընտանիքը:

ՔՈ ԱՆԾԱՆՈԹ ՔՈՒՅՐ՝ ԱԼԻՍԱ ԲԱՂՏԻԿՅԱՆ

***

Բարև իմ ավագ ընկեր, իմ զինվոր: Նախ շնորհակալ եմ քեզ, որ դու մշտարթուն հսկում ես մեր հայոց հողը՝ հպարտ, արի ու անվախ: Ուշացումով շնորհավորում եմ քո տոնը՝ բանակի 25ամյակը: Հուսով եմ, որ կգա մի օր ,երբ ես էլ կծառայեմ ու պարտքս կտամ հայրենիքիս: Խոստանում եմ ամեն ինչով նմանվել քեզ՝ իմ զիվոր,իմ հպարտություն, իմ պարծանք: Խաղաղ ծառայություն քեզ իմ հայ եղբա՛յր:

ՏՈՆՈՅԱՆ ԴԱՎԻԹ (1Օ տարեկան)
***

Ջերմ բարևներ քեզ: Իմ սիրելի եղբայր, քեզ բարևում են բոլորը և ցանկանում են, որ առողջ լինես, եռանդուն, ուժեղ: Դու այսօր սահմանին ես, ու թող խաղաղ ու առանց կրակոցների անցնի ծառայությունդ: Ես շատ եմ ուզում, որ բոլոր զինվորներն անփորձանք ու առողջ վերադառնան տուն, ուրախացնեն իրենց մայրերին ու քույրերին: Սիրելի եղբայր, խոստացիր որ այդպես էլ լինելու է….

ՔՈ ՔՈՒՅՐ՝ ԱԼԻՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ (9 տարեկան)
***

Բարև իմ թանկագին զինվոր եղբայր: Քեզ գրում է քույրդ: Անմիջապես ասեմ, որ շա՜տ եմ կարոտել: Ես, իհարկե, հասկանում եմ քո ծառայության կարևորությունն, այնուամենայնիվ, կարոտում եմ: Խոստանում եմ լաց չլինել ու անհամբեր սպասել վերադարձիդ: Միայն դու էլ խոստացիր, որ քեզ լավ կնայես ու չես ուշացնի նամակիս պատասխանը: Քեզ անամպ երկինք ու անփորձանք ծառայություն:

ՔՈ ՔՈՒՅՐ՝ ՔՐԻՍՏԻՆԵ (11տարեկան)

***

Բարև իմ զինվոր: Շնորհակալ եմ քեզ, որ կաս ու արիաբար ծառայում ես մեր բանակում՝ Հայոց բանակում: Իմ քաջ եղբայր, հայոց ազգի մերօրյա հերոս: Դու քո քաջությամբ այսօր օրինակ ես շատերին, բոլոր նրանց ՝ովքեր վախենում ու ամեն գնով փորձում են խուսափել ծառայությունից: Հպարտ եմ քեզանով ու մեր 25-ամյա բանակով: Այդ իսկ առիթով էլ թույլ տուր շնորհավորեմ տոնդ՝ իմ քաջ եղբայր: Խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ: Ամուր գրկում ու համբուրում եմ քեզ:

ՔՈ ՔՈՒՅՐ՝ ԱՆԺԵԼԱ ՏՈՆՈՅԱՆ (13 տարեկան)
***

Բարև իմ անծանոթ զինվոր: Ես Անին եմ:  Անունս արդեն ինձ պարտավորեցնում է , որ պիտի լինեմ հայրենասեր: Իմ եղբայր, ես մի փոքր նախանձում եմ քեզ, քանի որ դու կարողանում ես հայրենիքիդ առաջ քո պարտքը տալ, իսկ ես չգիտեմ ինչ անեմ… Ես  շատ եմ նեղվում, որ այսօր Հայաստանում չեմ, բայց հուսով եմ մի օր ետ կգանք: Իմ հայերենի ուսուցչուհին ասում է, որ լավ սովորենք մեր տառերն, որովհետև նրանք էլ ձեզ  նման հայրենիքի պաշտպաններ են: Ես այդպես էլ անում եմ ու արդեն վարժ գրում ու կարդում եմ մայրենի լեզվով: Իմ զինվոր եղբայր, որքան կուզենաի հանդիպել քեզ ու ասել՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ. իմ հերոս, իմ պաշտպան զինվոր: Գուցե չհանդիպենք, բայց ես ամեն օր բարին կմաղթեմ քեզ ու լուռ կաղոթեմ քո անփորձանք ծառայության համար:

ՔՈ ՔՈՒՅՐ՝   ԱՆԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ (1Օ տարեկան)

***

Բարև իմ սիրելի եղբայր: Ինչպես՞ են քո գործերը, ինչպես՞է առողջությունդ, ինչպես՞ է ընթանում ծառայությունդ: Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, ափսոս, որ դու մեզ հետ չես: Մենք քեզ շատ ենք կարոտել, բայց հասկանում ենք քո գործի կարևորությունը: Ես դեռ սովորում եմ երաժշտական դպրոցում: Շուտով մեր դպրոցի սաները շրջագայելու են զինվորական տարբեր զորամասերում: Հույս ունեմ, որ ձեր զորամաս էլ կգանք ու ես քեզ կտեսնեմ… Այնքան բան ունեմ քեզ պատմելու՜… Քեզ բարի ու անփորձանք ծառայություն եմ մաղթում:

ՔՈ ՔՈՒՅՐ ՝ԼԻԼԻԹ  (1Օ տարեկան)

***

Բարև եղբայրս: Ես քեզ շատ եմ կարոտել և ուզում եմ, որ շուտ վերադառնաս: Ամեն անգամ, երբ պառկում եմ քնելու, աղոթում եմ քեզ համար: Ես հպարտ եմ, որ քեզ նման եղբայր ունեմ: Իմ ընկերների մոտ այնքան եմ պատմել քո մասին, որ բոլորը քեզ արդեն ճանաչում են, մի գաղտնիք էլ ասեմ՝ (հնարել եմ քո մասին շատ հերոսություններ): Չէ,ես գիտեմ, որ ստել չի կարելի, բայց ինձ թվում է, որ ես չեմ ստել, ուղղակի դու չես սիրում մեզ պատմել քո հերոսությունների մասին:Ինչևէ… Իմ եղբայր, անհամբեր սպասում եմ վերադարձիդ

Քո չարաճճի քույր՝ ՀՈՎԱԿՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ (1Օտարեկան)

***

Scroll Up