ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծման աջակցության 2013-2014 թթ. ծրագրի շրջանակներում Ավստրալիա մեկնող հայ երգիչներին և երաժիշտներին

Նոյեմբերի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծման աջակցության 2013-2014 թվականների ծրագրի շրջանակներում Ավստրալիա մեկնող հայ երգիչներին և երաժիշտներին:
Հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն հայտնեց ներկաներից արձագանքի ու ծրագրին մասնակցության համար և կարևորեց նման միջոցառման կազմակերպումը: Նախարարի խոսքով՝ Ավստրալիայի հայ համայնքը լավ կազմակերպված համայնքներից է, որտեղ համախմբված են հայրենասեր հայորդիներ, ուստի արտիստների ներկայությունը միայն ոգևորություն և հպարտության զգացում կհաղորդի նրանց:
Ծրագրի շրջանակներում համայնքի հետ հանդիպելու, ինչպես նաև բարեգործական համերգներով հանդես գալու նպատակով Ավստրալիա կմեկնեն ՀՀ վաստակավոր արտիստներ Լեյլա Սարիբեկյանն ու Արսեն Գրիգորյանը (Մրո), երգչուհի Սոնա Շահգելդյանը, դաշնակահար, կոմպոզիտոր Գարիկ Սարիբեկյանը և դաշնակահարուհի Տաթևիկ Հայրումյանը: