Նամակ հայ զինվորին. գրում են Նիդերլանդներում ապրող փոքրիկները

Հունվարի 28-ին լրանում է Հայոց բանակի կազմավորման 25-ամյակը: Այս առիթով միջոցառում էր կազմակերպվել Նիդերլանդների Նայմեխեն քաղաքի ՄՀՀ միության Վան մեկօրյա տարրական դպրոցում: Սաները մեծ ոգևորությամբ և ուշիմ լսում էին իրենց մանկավարժներին. չէ՞ որ դասը վերաբերում էր Հայ քաջ զինվորին:
Երեխաները հարցեր էին տալիս զինվորի ծառայության ու կենցաղի մասին, ցանկություն հայտնում՝ երբ մեծանան, նրանց այցելության գնալ, զրուցել…
Վերջում դպրոցի սաները նամակ գրեցին Հայոց Բանակի զինվորին: Նախակրթարանի (4-6 տարեկան) երեխաներն ասելիքը նկարի միջոցով արտահայտեցին: Նրանք հավատում են, որ իրենց նամակներով լայն ժպիտ են պարգևելու զինվորներին ու անհամբեր սպասում են իրենց նամակների պատասխանին:
Սա փոքրագույնն է, ինչ կարող են այժմ անել մեր երեխաները Հայ Զինվորի համար: