Քարին տակի հերոսամարտին նվիրված քայլարշավ է կազմակերպվելու

Անցած տարի ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվել է 400-ից ավելի միջոցառում, որոնցից 288-ը՝ մշակութային, 136-ը՝ երիտասարդական:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարին Աղաբալյանը: Նախարարն ամփոփել է անցած տարվա ընթացքում ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեության արդյունքները, ապապատասխանել լրագրողների հարցերին:

Ն. Աղաբալյանը տեղեկացրել է, որ նախարարության նախաձեռնությամբ հունվարի 26-ին կազմակերպվելու է երիտասարդական քայլարշավ դեպի Շուշիի շրջանի Քարին տակ գյուղ՝ նվիրված գյուղի հերոսամարտի 25-րդ տարեդարձին: Արշավի մասնակիցները Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում մոմավառություն են կազմակերպելու, հետո էլ այնտեղից քայլերթով շարժվելու են դեպի Քարին տակ գյուղ՝ հարգանքի տուրք մատուցելու հերոսամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին: Այնուհետև տեղի կունենա հուշ-ցերեկույթ:

«Ծրագրի նպատակն է՝ նպաստել երիտասարդների համախմբմանը, հայրենաճանաչողության բարձրացմանը: Անկախության սերնդին ներկայացնելով ազգային-ազատագրական պայքարի հերոսական դրվագներն ու էջերը՝ երիտասարդության մեջ կսերմանենք ռազմահայրենասիրական դաստիարակություն. այս ամենն էլ կդառնա հայրենասիրության ու ազգային դաստիարակության լավագույն ուղեցույց,- ասել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը և հավելել,- այն երիտասարդներն էլ, ովքեր ցանկանում են, կարող են միանալ մեր քայլարշավին»:

Scroll Up