Տոնական միջոցառում Բեյրութի Սուրբ Հովսեփ եկեղեցում

Դեկտեմբերի 22-ին Լիբանանում ՀՀ դեսպանության և Լիբանանի ազգային կոնսերվատորիայի համատեղ կազմակերպմամբ Բեյրութի Սուրբ Հովսեփ եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ ծննդյան առիթով կազմակերպված Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Համերգին ներկա էին Լիբանանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, Լիբանանի խորհրդարանի ներկա և նախկին պատգամավորներ, քաղաքական, դատական և ռազմական իշխանությունների ներկայացուցիչներ, հայ հոգևոր, քաղաքական, մշակութային կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ով դրվատանքի խոսքեր հղեց Լիբանանի ազգային կոնսերվատորիային և նրա տնօրեն Ուալիդ Մուսալլամին, ինչպես նաև մաեստրո Հարութ Ֆազլյանին՝ ՀՀ դեսպանության հետ երկարամյա արդյունավետ համագործակցության համար:

Դեսպանն ընդգծեց համերգի կարևորությունը Լիբանանի և Հայաստանի միջև մշակութային կապերի ամրապնդման և խորացման գործում և հույս հայտնեց, որ նմանատիպ միջոցառումները պարբերական բնույթ կկրեն գալիք տարում։

Համերգին մասնակցում էր նաև Հայաստանից հատուկ ժամանած տաղանդավոր ջութակահարուհի, մի շարք միջազգային փառատոնների դափնեկիր Դիանա Ադամյանը, ով ներկայացրեց Կամիլ Սեն-Սանսի, Արամ Խաչատրյանի և Ֆրից Կրեյսլերի ստեղծագործությունները:

Նվագախումբը ղեկավարում էր Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Հարութ Ֆազլյանը:

10

Scroll Up