Կյանքից հեռացավ մեր գործընկեր Թևոս Ներսիսյանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/12/tevos.jpg)
ՀՀ Սփյուռքի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ծանր հիվանդությունից հետո 59 տարեկանում կյանքից հեռացավ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ԱՊՀ հայ համայնքների վարչության նախկին պետ Թևոս Ներսիսյանը:
Նախարարության ղեկավարությունը և ողջ անձնակազմը սգում են սիրելի գործընկերոջ, հրաշալի մարդու, տաղանդավոր լրագրողի, նվիրյալ ընկերոջ ու բարեկամի մահը և այս ծանր պահին վշտակցում նրա հարազատներին:
Ապրիլին նա կբոլորեր իր կյանքի 60 տարին։ Դրանք ստեղծագործական երկունքի, թռիչքների ու ձեռքբերումների տարիներ էին՝ լցված ապագայի նկատմամբ հույսով ու հավատով, Հայրենիքին և հարազատ ժողովրդին ծառայելու պատրաստակամությամբ և անմնացորդ նվիրումով։ Որտեղ էլ որ եղել է նա՝ Հայրենիքում, թե նրա սահմաններից դուրս, իր բոլոր ուժերը ծառայեցրել է հանուն առաջադեմ գաղափարների հաղթանակի։ Թևոսն իր մարդկային բարձր հատկանիշների, աշխատասիրության ու նվիրումի շնորհիվ վայելում էր բոլորի սերն ու հարգանքը:
Ակտիվ լրագրողի, փորձառու դասախոսի, բարեխիղճ աշխատակցի, հարազատ մարդու պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր և նրան ճանաչողների սրտերում:
Թող բարեհաճ աստծո լույսերի մեջ փառավորվի մեր սիրելի Թևոսի հոգին, քանզի իրենից հետո նա լուսավոր հետք է թողել իր բազում բանաստեղծությունների, լիամետրաժ և փաստավավերագրական ֆիլմերի, ռադիո և հեռուստաակնարկների տեսքով։ Թող Տիրոջ Աջը հովանի լինի նրա զավակներին, թոռներին ու բոլոր հարազատներին:
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:
ՀՀ սփյուռքի նախարարություն
***
Ծնվել է 1957թ. ապրիլի 14-ին ՀՀ Վայոց Ձոր մարզի Ջերմուկ քաղաքում:
Կրթությունը
1973թ. ավարտել է Մոսկվայի Տյոպլի Ստանի միջնակարգ դպրոցը:
1984թ.ավարտել է Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը:
1990թ.ավարտել է Դոնի Ռոստովի բարձրագույն կուսակցական դպրոցի (այժմ` ՌԴ նախագահին կից Հյուսիսկովկասյան կառավարման ակադեմիա) ժուռնալիստիկայի բաժինը` քաղաքագիտություն, սոցիոլոգիա մասնագիտությամբ:
Աշխատանքային գործունեությունը
1981թ. ապրիլից եղել է հայկական ԶԼՄ-ների հաստիքային գործող լրագրող:
1981-1988թթ. աշխատել է «Կոմունիստ» թերթի և հայկական ռադիոյի ռուսական հաղորդումների խմբագրության արտահաստիքային թղթակից, «Կոմսոմոլեց» թերթի թղթակից, Հայկական հեռուստատեսության ռուսական հաղորդումների ավագ խմբագիր, Հայաստանի պետական հեռուստառադիոյի՝ ԽՍՀՄ ժողովուրդների լեզուներով հեռարձակվող հաղորդումների գլխավոր խմբագրության ռուսական բաժնի պետ:
1988-1990թթ. աշխատակցել է Դոնի Ռոստովի հեռուստատեսությանը:
1990թ. վերապատրաստվել է Լենինգրադի հեռուստատեսությունում:
1990-1991թթ. եղել է «Ռեսպուբլիկա Արմենիա» (ռուսերեն) թերթի հատուկ թղթակից:
1991-1993թթ. հիմնել և ղեկավարել է «Սվոբոդա» (ռուսերեն) թերթը:
1994թ. թղթակցել է ռուսական «2×2» հեռուստաալիքին:
1995-1997թթ. եղել է «Ինֆոկոմ» ՓԲԸ-ի տեղեկատվության բաժնի պետի տեղակալ:
1997թ. հիմնել է «ԹՈՊ լրատվասոցիոլոգիական գործակալություն» ՍՊԸ-ն («TOP Agency»):
1997- 2000թթ. եղել է Մոսկվայի «ТВЦ» հեռուստաընկերության թղթակից:
2000թ. սկսած՝ եղել է «Խոսք և իրավունք» իրավական-տեղեկատվական հասարակական կազմակերպության ղեկավար:
2004-2005թթ. աշխատել է որպես «Ռեսպուբլիկա Արմենիա» (ռուսերեն) թերթի գլխավոր խմբագրի տեղակալ:
2005-2008թթ. և 2012-2014թթ. ղեկավարել է Մոսկվայի «TOP Agency» լրատվասոցիոլոգիական գործակալությունը:
2008-2012թթ. եղել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի մամուլի վարչության պետ:
2014թ. օգոստոսից մինչև 2016թ.հունիսն աշխատել է որպես ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ԱՊՀ հայ համայնքների հետ կապերի վարչության պետ:
1986թ.-ից ՍՍՀՄ ժուռնալիստների միության անդամ էր:
1983-1988թթ. մասնակցել է երիտասարդական ԶԼՄ-ի, ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի գիտագործնական ամենամյա կոնֆերանսներին:
1999թ. մասնակցել է Բաթումում կայացած լրագրողների միջազգային սեմինար-կոնֆերանսին:
Հրապարակել է հարյուրավոր ակնարկներ, հոդվածներ և թղթակցություններ հայկական և խորհրդայինմամուլում, թողարկել հեռուստա և ռադիո հաղորդումներ:
Հեղինակել է տասնյակ հեռուստահաղորդումներ, այդ թվում` Դոնի Ռոստովի, Նովոռոսիյսկի, Լենինգրադի հայկական համայնքների մասին, նկարահանել լիամետրաժ և փաստավավերագրական ֆիլմեր` «Խաղաղություն հողին քո, Աֆղանստան»(1988թ.), «Ղարաբաղ, ցավ իմ» (1990թ.) և «Հյուսիսային պողոտա» (2002-2008թթ.):
Պահեստի սպա էր:
Ուներ երկու երեխա,երեք թոռնիկ: