Արցախում շարունակվում են ընթանալ լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի աշխատանքները
Հոկտեմբերի 23-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում անց են կացվել լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի հինգերորդ և վեցերորդ նիստերը:
«Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով համաժողովի աշխատանքները Արցախում շարունակվել են «Հայկական սփյուռքի զորակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին» և «Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտպանության համակարգի հետ կապված խնդիրների լուսաբանումը ԶԼՄ-ում» թեմատիկ ուղղություններով:
Ներկայացված զեկույցներից հետո ծավալվել են քննարկումներ. դրանք ուղղված էին Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և Սփյուռքում առկա խնդիրների, լրատվամիջոցների միջև համագործակցության միջոցով լուծմանը խթանելուն:
Նիստերի ընթացքում ցուցադրվել է հեռուստալրագրող Նաիրի Հոխիկյանի «Արևը ցեխով չես ծածկի» փաստավավերագրական ֆիլմը, որտեղ պատմում է 1915 թվականի Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործած ոճրագործության և Թուրքիայում ազգային ինքնությունը պահպանած ավելի քան 4.5 մլն հայերի մասին: