«Հայկական մամուլը կարող է մրցել ցանկացած երկրի լրատվադաշտի հետ». Սևակ Հակոբյան

«Հայաստանի և Արցախի հանրապետությունների անկախության 25-ամյակը լավագույն առիթն էր «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով լրագրողների համահայկական համաժողով կազմակերպելու համար: Կարևորում եմ նաև Արցախում համաժողովի անցկացումը, քանի որ Արցախի հողից ստացած ուժն իր արձագանքը կունենա սփյուռքահայերի շրջանում: Հստակ երևում է, որ համաժողովը բարձր մակարդակով է կազմակերպվել, մասնակիցների թիվն ու աշխարհագրությունն է մեծացել, իսկ աշխատանքները համակարգված ձևով առաջ են ընթանում»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց  Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը՝ հավելելով, որ կայացած համաժողովների արդյունքում հայաստանյան և սփյուռքյան ԶԼՄ-երի միջև հզոր լրատվացանց է ստեղծվեց, ամրապնդվել են աշխարհի տարբեր երկրներում գործող լրատվամիջոցների կապը, նույնիսկ առողջ մրցակցություն է նկատվում միմյանց միջև, իսկ խմբագիրների և  լրագրողների անձնական հարաբերությունները  սերտացել  են:

Սևակ Հակոբյանի կարծիքով՝ Հայաստանի և Սփյուռքի լրատվական ներուժի համախմբման, համահայկական նշանակության խնդիրները լուծելու համար կարևոր է միասնականության գաղափարը: Սփյուռքյան համայնքներում գործող լրատվամիջոցներից յուրաքանչյուրն իր հերթին պետք է նպաստի երկուստեք փոխհամագործակցությանը:

«Պետք է միշտ հիշենք՝ մամուլն ուղղակի ծառայում է պետության շահերին՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ ուղղվածություն և դիրքորոշում ունի:

Արդեն ժամանակն է, որ արտասահմանյան լրատվամիջոցները Հայաստանում իրենց գրասենյակները բացեն: Իսկ առայժմ այդ գործը պետք է Սփյուռքի լրատվամիջոցները ստանձնեն, որի միջոցով Հայաստանի Հանրապետության և Արցախի մասին Սփյուռքում և աշխարհում օբյեկտիվ, անաչառ տեղեկատվություն կտարածվի:

Ցայտուն օրինակ էր ապրիլյան պատերազմը, երբ այդ օրերին աշխարհը ապատեղեկատվություն էր ստանում, որի պատճառը հստակ պարզ էր. միջազգային լրատվական գործակալությունները ոչ թե Երևանում էին գտնվում, այլ՝ Բաքվում: Առհասարակ, ես այն կարծիքին եմ, որ հայկական մամուլը, որպես միասնական կառույց, կարող է մրցել ցանկացած երկրի լրատվադաշտի հետ»,-իր խոսքն ամփոփեց Սևակ Հակոբյանը:

Հավելենք, որ «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը կազմակերպել է  ՀՀ սփյուռքի նախարարությունը՝ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի և  Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության, Հայաստանի ժուռնալիստների միության հետ համատեղ: Համաժողովի մեկնարկը տրվել է հոկտեմբերի 20-ին՝ Երևանում, որի աշխատանքները կշարունակվեն հոկտեմբերի 21-ին: Իսկ հոկտեմբերի 23-24-ը համաժողովը կանցկացվի Ստեփանակերտում:

Համաժողովի առաջին օրը մասնակիցները հանդիպումներ են ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Գևորգ Չիչյան

 

Scroll Up