Ռումինահայ նկարիչ Հրանտ Ավագյանի կտավն ի պահ տրվեց Մայր աթոռի թանգարանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/IMG_4633.jpg)
Հոկտեմբերի 20-ին մեկնարկած Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 25-ամյակին նվիրված «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի բացման արարողության ժամանակ ռումինահայ գրող և թարգմանիչ, Հայաստանի և Ռումինիայի գրողների միության անդամ Մադլեն Կարակաշյանը ռումինահայ ճանաչված նկարիչ Հրանտ Ավագյանի «Ծաղիկներ» (1966թ.) կտավը հանձնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին: Ռումինահայ նկարիչ Հրանտ Ավագյանի կտավն իր արժանի տեղը կգտնի Մայր աթոռի թանգարանում:
«Տարիներ առաջ այս նկարն ինձ նվիրել է Հրանտ Ավագյանը: Ես նրա գործունեության մասին բազմաթիվ նյութեր եմ հրապարակել ինչպես հայկական մամուլում, այնպես էլ՝ ռումինական: Ես ժառանգորդ չունեմ, իսկ քույրիկս 6 ամիս առաջ մահացավ և որոշեցի իմ տանը պահվող հայկական իրերն ի պահ տալ հայրենիքին»,- «Հայերն այսօր»–ի հետ զրույցում նշեց Մադլեն Կարակաշյանը:
Ռումինահայ ինքնուս նկարիչ Հրանտ Ավագյանը ծնվել է 1900 թվականին՝ Հալեպում: 1920-ական թվականների երիտասարդ տարիքում գաղթել է Ռումինիա: Ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում: Երկու անգամ՝ 1960 և 1962 թվականներին ցուցադրվել է նաև Հայաստանում: Հրանտ Ավագյանը քրոջ՝ Բեատրիսի հետ նաև տարիներ շարունակ արվեստի գործեր է հավաքել, որոնք այսօր պահվում են Ռումինիայի արվեստի հավաքածուների թանգարանում: Ռումինահայ նկարիչը մահացել է 1990 թվականին:
Մադլեն Կարակաշյանը ռումինահայ մեկ այլ նկարչի՝ Երվանդ Նիկողոսյանի աբստրակտ գործերից մեկը կնվիրի Հայաստանի ազգային պատկերասրահին:
Հավելենք, որ «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը կազմակերպել է ՀՀ սփյուռքի նախարարությունը Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի և Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության, Հայաստանի ժուռնալիստների միության հետ համատեղ: Համաժողովը հոկտեմբերի 20-22-ը կանցկացվի Երևանում, իսկ 23-24-ը՝ Ստեփանակերտում: