Ղրիմի հայ համայնքի նախագահը հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում

Հոկտեմբերի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ղրիմի հայ համայնքի ղեկավար,  փիլիսոփայական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Ուկրաինայի մշակույթի վաստկավոր գործիչ, Ղրիմի մշակույթի վաստակավոր գործիչ Օլեգ Գաբրիելյանին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց Ղրիմի հայկական համայնքի՝ հայապահպանությանն ուղղված նախաձեռնությունները, կազմակերպվածությունն ու համախմբվածությունը: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ միասնական համայք է: Հետաքրքիր ծրագրեր ունեք, ակտիվ աշխատում եք, ներգրավում եք երիտասարդներին: Երիտասարդները պետք է հայերեն խոսեն: Եկեղեցին, դպրոցը պետք է աշխատեն այդ ուղղությամբ: Կարևոր են ազգային ինքնության և  լեզվի պահպանությունը: Հայության, հայ ինքնության ողնաշարը լեզուն է: Երեխաներին պետք է հայերեն սովորեցնել՝ երգ ու պարի, խաղերի միջոցով: Այդպես պահպանվում է ոչ միայն լեզուն, ազգային ավանդույթները, այլև հայկական միջավայր է ստեղծվում»:

Ղրիմի հայ համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացնելով կատարած աշխատանքները, ձեռքբերումներն ու նոր ծրագրերը՝ շեշտեց. «Ուրախությամբ պետք է նշեմ, որ ստեղծել ենք «Լույս» հիմնադրամ՝ համայնքի հոգսերը հոգալու և Հովհաննես Այվազովսկու տունը վերականգնելու և այնտեղ մեծ նկարչի տուն-թանգարան բացելու նպատակով:  2017թ. հանդիսավորությամբ կնշվի Այվազովսկու ծննդյան 200 ամյակը: Համայնքը նախատեսել է միջոցառումների հարուստ ծրագիր, և կարևորում ենք Հայաստանի ներկայությունն ու մասնակցությունը հանդիսություններին»:

Հրանուշ Հակոբյանը կարևորեց Այվազովսկու ժառանգության հաշվառումը, նրա կենսագրության հրապարակումը՝ տարբեր լեզուներով: Նախարարը հավելեց, որ մեծ նկարչի հոբելյանի առթիվ Հովհաննես Այվազովսկու անունը ընդգրկել է  ՀՀ սփյուռքի նախարարության 2017 թվականի  «Մեր մեծերը» ծրագրում: Կկազմակերպվեն  հոբելյանական միջոցառումներ, ցուցադրություններ, ուսումնասիրություններ, հրատարակություններ, ցուցահանդեսներ:

Քննարկվեցին նախարարության ծրագրերին համայնքի առավել ակտիվ մասնակցության, հետագա համագործակցության և կազմակերպական հարցեր:

Scroll Up