Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխության թեմայով մամուլի ասուլիսը

Հոկտեմբերի 28-ին կայացավ ՀՀ Սսփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչոթյան պետ Ա. Մխիթարյանի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանի համատեղ մամուլի ասուլիսը` նվիրված «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխությանը:

ՀՀ սփյուռքի նախարարությունը և Համաշխարհային հայկական կոնգրեսը «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում հայտարարել են  2013թ. մրցանակաբաշխությունը 4 անվանակարգերում` «Մայրենիի պաշտպան», «Երիտասարդական/ուսանողական կազմակերպություն», «Լավագույն մանկական ստեղծագործություն» («Հայրենիք, քեզ այսպիսին եմ տեսնում» և «Մայր իմ անուշ ու անգին») և ԱՊՀ երկրների «Լավագույն հայկական համայնք»:

Ա.Մխիթարյանը նշեց, որ «Մայրենիի պաշտպան» մրցույթի կազմակերպման նպատակն է խրախուսել սփյուռքյան կառույցներին և անհատներին, ովքեր մեծ ներդրում ունեն մայրենիի պահպանման, տարածման, զարգացման, սփյուռքահայ սերունդների հայեցի լեզվամտածողության ձևավորման, հայեցի կրթության և դաստիարակության, Սփյուռքի գրական-գեղարվեստական կյանքի զարգացման բնագավառում:

«Երիտասարդական/ուսանողական կազմակեր­պութ­յուն» մրցույթն անցկացվում է սփյուռքյան և համահայկական երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների միջև, որին կարող են մասնակցել Սփյուռքում գործող երիտասարդական կառույցները, ուսանողական կազմակերպությունները:

«Լավագույն մանկական ստեղծագործություն» («Հայրենիք, քեզ այսպիսին եմ տեսնում» և «Մայր իմ անուշ ու անգին») անվանակարգերով մրցույթները նպատակ ունեն նպաստելու Սփյուռքում բնակվող հայ մանուկների մեջ հայրենասիրական զգացումների, ազգային ինքնագիտակցության, ազգային պատմական և մշակութային գիտակցության ձևավորման ու զարգացման ասպարեզում,  հայտնաբերելու և  խրախուսելու Սփյուռքում ապրող տաղանդավոր հայ երեխաներին և պատանիներին:

ԱՊՀ երկրների «Լավագույն հայկական համայնք»  անվանակարգում անցկացվող մրցույթի նպատակն է ի հայտ բերել, խրախուսել և համախմբել ԱՊՀ երկրներում հայապահպանության գործն առավել արդյունավետությամբ իրականացնող հայկական համայնքների, համայնքային կառույցների և կազմակերպությունների գործունեությունը, որը նպատակաուղղված է ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, համայնքի ինքնակազմակերպմանն ու համախմբմանը, հայոց լեզվի, ազգային պատմամշակութային արժեքների, ավանդույթների, սովորույթների պահպանմանը, զարգացմանը և տարածմանը:

Պարոն Մխիթարյանն ընդգծեց, որ տարեցտարի ավելանում է մրցանակաբաշխության բոլոր անվանակարգերում մասնակցել ցանկացողների թիվը, իսկ 2013թ. արդյունքների ամփոփումը կլինի դեկտեմբերին:

Վլադիմիր Աղայանը նշեց, որ Ռուսաստանի հայերի միությունը և Համաշխարհային հայերի կոնգրեսը աջակցում են Հայրենիք-Սփյուռք կապերի մերձեցմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև Հայաստանում գիտական և ստեղծագործական մտքի զարգացմանը. «Մեր միությունը մշտապես ողջունել և աջակցել է  ՀՀ սփյուռքի նախարարությանը` նմանօրինակ մրցանակաբաշխությունների կազմակերպման և իրականացման գործում»:

Բանախոսները պատասխանեցին նաև լրագրողների  հարցերին:

Scroll Up