«MosShoes-2016». գործարար կապերի նոր հարթակ՝ հայկական կոշիկ արտադրողների համար
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/880-300x225.jpg)
Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ մեր երկրի 10 ընկերություններ մեկ միասնական տաղավարով սեպտեմբերի 13-16-ը մասնակցում են Մոսկվայում այսօր բացված «MosShoes-2016» միջազգային ցուցահանդեսին, որը կոշիկի և կաշվե պարագաների արտադրության Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի խոշորագույն ցուցահանդեսն է: Հայկական ընկերությունները մասնագիտացված միջազգային այս ցուցահանդեսին մասնակցում են արդեն երրորդ անգամ:
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ «MosShoes» 69-րդ միջազգային ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցությունը Հիմնադրամի կողմից ապահովվել է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների շրջանակում:
«Հայկական ընկերությունների մասնակցությունը կազմակերպել ենք հինականում արտահանման խթանման և հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման նպատակով: Տարեկան այս ցուցահանդես է այցելում ավելի քան 12 000 մարդ՝ հիմնականում մեծածախ գնորդներ և ոլորտի մասնագետներ, և սա մեր արտադրողների համար նաև լրացուցիչ ճանապարհ է՝ միջազգային շուկա մուտք գործելու և նոր գնորդներ ձեռք բերելու համար»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը: