«Հայաստանում ոչ մի օր ինձ օտար չեմ զգացել». սիրիահայ հայրենադարձ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/09/Մանդալոուն2.jpg)
Սիրիական պատերազմի պատճառով Հայաստանում են հաստատվել երեք գործընկերներ՝ Հակոբ Մարգարյանը, Հովսեփ Գասպարյանը և Գևորգ Մուրադյանը: Երևանում նրանք հիմնել են «Մանդալոուն» ռեստորանը, որն այսօր սիրելի վայր է շատերի համար: Արաբական ոճով կահավորված ռեստորանում՝ խաչվում են հայկական և արաբական մշակույթները:
Ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի հարցազրույցը ռեստորանի համասեփականատեր Հակոբ Մարգարյանի հետ, որը չորս տարի առաջ առաջին անգամ գալով Հայաստան՝ այլևս չի մտածում այլ երկիր տեղափոխվելու մասին: Նա Հայաստանում ընկերների հետ կարողացել է հաջողությունների հասնել ու կայանալ:
– Զրույցի սկզբում կպատմե՞ք Ձեր արմատների մասին: Որտեղի՞ց են Ձեր նախնիները:
– Ծնվել և մեծացել եմ Սիրիայի Հալեպ քաղաքում, բայց իմ նախնիները Սասունից են: Երբ սկսվեց Սիրիական պատերազմը, որոշեցինք ընտանիքով գալ Հայաստան և այստեղ շարունակել մեր ռեստորանային բիզնեսը: Ես արդեն չորս տարի է՝ ապրում եմ Հայաստանում, իսկ իմ գործընկեր Գևորգը երկու տարի առաջ է հաստատվել այստեղ, թեև նա ռեստորանային բիզնեսով ավելի վաղուց է զբաղվում, քան ես:
Հայաստանում ապրում եմ ծնողներիս, կնոջս և երեխայիս հետ:
– Ե՞րբ հիմնեցիք «Մանդալոուն» ռեստորանը:
– Սա Հովսեփի, Գևորգի և իմ համատեղ բիզնեսն է: Նույն գործով զբաղվել ենք նաև Սիրիայում: Երբ նոր էինք Հայաստան եկել, սկսեցինք փոքրիկ սրճարանից: Մեկ տարի աշխատելուց հետո զգացինք, որ այն հաջողություն է ունենում: Մեր հաճախորդների թիվը մեծանում էր և նրանց պատշաճ ընդունելու համար կարիք եղավ սրճարանն ավելի ընդլայնելու: Այնուհետև որոշեցինք հիմնել «Մանդալոուն» ռեստորանը:
– Ովքե՞ր են Ձեր մշտական հաճախորդները:
– Մեր հաճախորդների հիմնական մասը Լիբանանից, Սիրիայից, Ամերիկայից եկած հայերն են, չնայած այստեղի հաճախորդներն էլ քիչ չեն: Մեր այցելուներին դուր է գալիս մեր խոհանոցը, միջավայրը և երաժշտությունը: «Մանդալոուն»-ում կազմակերպվում են ծննդյան երեկոներ, ընկերական հանդիպումներ և այլ միջոցառումներ, որոնք գեղեցկացնում է մեր մյուս գործընկերը՝ Հովսեփ Գասպարյանը, որը Սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում հայտնի երգիչ է և յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ռեստորանում է երգում:
– Ո՞ր երկրի խոհանոցն է ներկայացված «Մանդալոուն»-ում:
– Ներկայացված է արաբական, հայկական խոհանոցը: Չնայած մեր՝ սիրիահայերի խոհանոցն այնքան էլ նման չէ հայաստանյան խոհանոցին, որովհետև մենք ավելի շատ ենք համեմունքներ օգտագործում: Ինքս մասնագիտությամբ շեֆ-խոհարար եմ և հասկանում եմ համեմունքների տեսակներից: Եթե այստեղ տոլմա պատրաստելիս օգտագործում են ընդամենը սև և կարմիր պղպեղ, ապա մեզ մոտ օգտագործում են տարբեր համեմունքներ:
– Արդյոք դժվար չէ՞ր Հայաստանում շարունակել Ձեր բիզնեսը:
– Սկզբնական շրջանում, իհարկե, դժվարություններ կային: Այդ պատճառով սկսեցինք փոքրիկ սրճարանից, որը մինչև այժմ էլ գործում է Երևանի կենտրոնում: Բայց աստիճանաբար կարողացանք հարմարվել: Գործ հիմնելու համար պետք է մտածված աշխատել, իսկ հաճախորդներին գրավելու համար պետք է կարողանալ ճիշտ բան մատուցել:
Իմ կարծիքով Հայաստանում ավելի հեշտ է աշխատել, քան դրսում, քանի որ դրսում մեծ է մրցակցությունը: Այնտեղ պետք է այնպիսի բան մատուցես, որ կարողանաս անուն և ճանաչում ունենալ: Իսկ Հայաստանում մրցակցությունը քիչ է, եթե լավ բան մատուցես, միանգամից հաջողություն կունենաս:
Միչև Սիրիական պատերազմը երբևէ չեմ մտածել Հայաստան տեղափոխվելու մասին, բայց այստեղ արդարացան իմ բոլոր սպասելիքները: Մենք կարողացանք հարմարվել և աշխատել: Ես այլևս չեմ մտածում հայրենիքից գնալու մասին: Այստեղ կյանքն ավելի հանգիստ է, և մեր գործն էլ հաջողությամբ է ընթանում: Հայաստանում շատ բարեկամներ և ընկերներ ունեմ: Եվ ոչ մի օր ինձ օտար չեմ զգացել:
Տաթև Դավթյան