Օբնինսկ քաղաքում իր դռները բացեց հայկական կիրակնօրյա դպրոցը
Սեպտեմբերի 3-ին ՌԴ Կալուգայի մարզի Օբնինսկ քաղաքում աշակերտների առաջ իր դռները բացեց «Արաքս» կիրակնօրյա հայկական դպրոցը: Այս մասին Հայերն այսօրին հայտնում են միջոցառման կազմակերպիչները:
Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին դպրոցի մոտ 60 մեծ ու փոքր աշակերտները, նրանց ծնողները, կազմակերպիչները,Կալու գա քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները: Բացման արարողության սկզբում հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, ելույթի խոսքով հանդես եկան կազմակերպիչներ Կարինե Ղուկասյանը, Հովիկ Հովակիմյանը, դպրոցի ուսուցչուհի Նառա Ավետիքյանը, Կալուգայի համայնքի ներկայացուցիչ Մարիամ Հովհաննիսյանը: Մայրական խոսքով աշակերտներին իր ողջույնի խոսքը հղեց Երևանի պետական համալսարանի նախկին դասախոս, պատմաբան, ապագա մայրիկ Նելլի Սմբատյանը՝ ասմունքելով Սիլվա Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը։
Ամռանը ստեղծված երգչախումբը (երաժշտական ղեկավար՝ Սառա Հարթյունյան) կատարեց Մհերի «Հայաստան» երգը, ելույթ ունեցավ նաև երգչախմբի մենակատար Եվա Ազրոյանը՝ կատարելով Վարդուհի Վարդանյանի «Հայաստան» երգը։ Ասմունքով հանդես եկան մի խումբ փոքրիկներ:
Միջոցառման ողջ ընթացքում տիրում էր ուրախ և տոնական տրամադրություն։ Դասարանի մուտքի կարմիր ժապավենը կտրեցին դպրոցի ամենափոքր աշակերտներ Սուրեն Չնավայանը և Նարե Ազրոյանը։ Տոնական տորթը կտրեց փոքրիկ Սուրենի մայրիկ Ֆլորա Բաբոյանը։
Վերջում բոլորը դուրս եկան դպրոցի բակ և միասին երկինք բաց թողեցին եռագույն (կարմիր, կապույտ, նարնջագուն) փուչիկներ՝ մտքում պահելով երազանքներ։