Կյանքից հեռացավ մեր գործընկեր Նվեր Նալբանդյանը

ՀՀ սփյուռքի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 56 տարեկանում կյանքից անժամանակ հեռացավ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության տեղեկատվական-վերլուծական բաժնի պետ Նվեր Նալբանդյանը:

Նախարարության ղեկավարությունը և ողջ անձնակազմը սգում են սիրելի աշխատակցուհու, հրաշալի մարդու, ընկերոջ մահը և այս ծանր պահին վշտակցում նրա ընտանիքին և հարազատներին:

Նվերը ոչ միայն լավ մարդ էր, այլև իր գործին տիրապետող գիտակ մասնագետ: Նա իր մարդկային բարձր հատկանիշների, աշխատասիրության ու նվիրումի շնորհիվ վայելում էր բոլորի սերն ու հարգանքը:

Ակտիվ լրագրողի, փորձառու դասախոսի, բարեխիղճ քաղաքացիական ծառայողի, հարազատ մարդու պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր և նրան ճանաչողների սրտերում:

Թող լույսերի մեջ փառավորվի մեր սիրելի Նվերի հոգին, թող Տիրոջ Աջը հովանի լինի նրա ընտանիքին:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:

Նվեր Նալբանդյանի հոգեհանգիստը կկայանա 2016 թվականի օգոստոսի 9-ին, ժամը 18:00-ին, Դավիթ Բեկի 104/6 հասցեում գտնվող սգո սրահում, իսկ հուղարկավորությունը` օգոստոսի 10-ին ժամը 13:00-ին նույն հասցեից:

 ՀՀ սփյուռքի նախարարություն

***

Նվեր Մովսեսի Նալբանդյան

 Ծնվել է 1960 թվականի մարտի 27-ին  Երևան քաղաքում:

1967-1977թթ.  –  սովորել և ավարտել է Երևանի N 6 միջնակարգ դպրոցը:

1978-1984թթ.  –  սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որին զուգահեռ`

1978-1991թթ. – աշխատել է «Շախմատային Հայաստան» հանդեսի խմբագրությունում սկզբում՝ քարտուղարուհի, ապա՝ սրբագրիչ, իսկ 1983-1991թթ.` գրական աշխատող:

1996-2001թթ. –  սովորել և ավարտել է Երևանի «Գալիք» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1991-1992թթ.  – աշխատել է Հեռուստառադիոպետկոմում որպես թղթակից`  արտասահմանի հայության համար տրվող հաղորդումների ինֆորմացիայի բաժնում,

1992-1993թթ. -աշխատել է Երքաղէլեկտրացանցում որպես ընդհանուր բաժնի պետի տեղակալ,

1993-1997թթ. -աշխատել է «Երևան» գործարանում որպես կադրերի բաժնի պետ,

1993-1997թթ. -աշխատել է «Լրագիր» օրաթերթում  որպես  լրագրող,

1997-1998թթ. -աշխատել է «Զվարթնոց» օդանավակայանի ինֆորմացիոն անալիտիկ կենտրոնում որպես օպերատոր,

1998թ. –  աշխատել է Արդարադատության նախարարությունում որպես մամուլի քարտուղար,

1998-2003թթ. – աշխատել է ՀՀ քաղաքաշինական պետական տեսչությունում որպես  մամուլի քարտուղար և աշխատակազմի կադրերի գծով գլխավոր մասնագետ,

2004-2005թթ.  – աշխատել է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում  որպես դասախոս,

1997-2007թթ.  – աշխատել է Երևանի «Գալիք» համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում որպես դասախոս,

2004-2007թթ. – աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում  որպես համակարգող,

2005-2016 թթ աշխատել է  ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում  որպես դասախոս:

2007թ.  –  աշխատել է Հայ-սլավոնական համալսարանում որպես  դասախոս,

2008-2009թթ. -աշխատել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության ապաստան հայցողների բաժնում որպես գլխավոր մասնագետ,

2009-2016 թթ. աշխատել է ՀՀ սփյուռքի նախարարությունում որպես տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության տեղեկատվական-վերլուծական բաժնի պետ:

2010թ. պաշտպանել է ատենախոսություն՝ «Լրագրողի աշխատանքն արտակարգ իրավիճակներում (ըստ ՀՀ և ՌԴ պատերազմական և ահաբեկչական իրողությունների)» թեմայով:

Հեղինակ է «Լրագրության էթիկայի շուրջ», «Լրագրության մեջ բարոյաիրավական պատասխանատվության հիմնահարցեր», «Արտակարգ իրավիճակներում լրագրողական աշխատանքի իրավական կարգավորման շուրջ», «Լրագրողն արտակարգ իրավիճակներում», «Լրագրողը թեժ կետերում», «Տիպական բացթողումներ» գիտական հոդվածների` տպագրված, համապատասխանաբար, ՀՀ ԳԱԱ-ի «Լրաբեր», «Կանթեղ», «Գիտություն և տեխնիկա», «Առողջապահություն» գիտական հանդեսներում:

2013թ.-ին պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով:

Scroll Up