«Սփյուռք» ամառային դպրոց-2016. Սփյուռքահայ ուսուցիչներն այցելեցին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան

«Սփյուռք» ամառային դպրոցում, դասընթացներին զուգահեռ, շարունակվում են մշակութային միջոցառումները: Հուլիսի 19-ին «Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում»  դասընթացի մասնակիցներն  այցելեցին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան:

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ սփյուռքահայ ուսուցիչները շրջեցին Սիլվա Կապուտիկյանի  տուն-թանգարանում: Նրանց ուղեկցում էր թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը, որը և էքսկուրսավարի դեր էր ստանձնել: Ներկայացնելով տան ներքին հարդարանքը՝ թանգարանի վարիչը նշեց, որ մեծ բանաստեղծուհին ինքն է այն կահավորել և անգամ իր կտակում գրել է, որ իր մահից հետո ոչինչ չփոխվի:

Թանգարանում այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու ոչ միայն մեծ բանաստեղծուհու, այլ նաև՝ հայրենասեր կնոջ, տան տիրուհու և պարզապես հետաքրքիր անհատականության հետ: Թանգարանում թևածում էր երիտասարդ և մեծահասակ Սիլվա Կապուտիկյանի շունչը:

Ներկաները կարողացան տեսնել այն նվերները, որոնք Սիլվա Կապուտիկյանին են նվիրել Սփյուռքում: Խոսվեց նաև Սփյուռքի հետ բանաստեղծուհու կապի և մեծ նվիրումի մասին:

Թանգարանում ներկայացված էր նաև բանաստեղծուհու ընտանիքի անդամների լուսանկարները, նրա ձեռագիր տետրերը, իր կողմից կարված հագուստները: Այցելուները հնարավորություն ունեցան  տեսնելու բանաստեղծուհու աշխատասենյակը, որտեղ գրվել են նրա ստեղծագործություններից շատերը:

Սփյուռքահայ ուսուցիչները մեծ հետաքրքրությամբ շրջեցին թանգարանում և լսեցին մի փոքրիկ դասախոսություն՝ նվիրված Սիլվա Կապուտիկյանի կյանքին և գործունեությանը:

Ուսուցիչների համար շատ հուզիչ և հաճելի էր առաջին անգամ լինել այս թանգարանում: Այնպիսի տպավորություն էր, ասես բանաստեղծուհին ինքն էլ էր ներկա հանդիպմանը:

«Հայերն այսօրի»հետ զրույցում ՀՀ սփյուռի նախարարության համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը նշեց, որ Սիլվա Կապուտիկյանը մեր անկախության մունետիկն է, և յուրաքանչյուր հայ պետք է ճանաչի այդ մեծ բանաստեղծուհուն:

Կահիրեից ժամանած Սիլվա Բայրամյանը շատ հուզված էր, որ գտնվում է Սիլվա Կապուտիկյանի բնակարանում: «Հայերն այսօրի» թղթակցի հետ զրույցում ուսուցչուհին նշեց, որ ծնողներն իրեն անվանակոչել են ի պատիվ մեծ բանաստեղծուհու, և իր համար մեծ պատասխանատվություն է կրել այդ անունը:

Թանգարանից հեռանալուց առաջ բոլոր հյուրերը միասին ասմունքեցին «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը:

Սփյուռքից  եկած ուսուցիչները Սիլվա Կապուտիկյանի բնակարանից հեռացան անմոռանալի տպավորություններով և նորից վերադառնալու ակնկալիքով:

Լուսինե Գրիգորյան

«Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի կամավոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի սփյուռքագիտության ամբիոնի ուսանող

ամառային դպրոցամառային դպրոց1 ամառային դպրոց2ամառային դպրոց3 ամառային դպրոց4ամառային դպրոց5 ամառային դպրոց6ամառային դպրոց7 ամառային դպրոց8 ամառային դպրոց9

 

Scroll Up