«Տան մյուս կողմը». Թուրքերի և հայերի միջև փոփոխությունները նախագահները չեն սկսելու

Ամերիկաբնակ Նարե Մկրտչյանը իր «Տան մյուս կողմը» ֆիլմում անդրադարձել է այն հարցին, թե 100 տարի անց ինչ ազդեցություն ունի հայերի և թուրքերի կյանքի վրա նախորդ դարասկզբի աղետը: Ֆիլմի մասին. 1915-ին օսմանյան թուրքերը ավելի քան 1.5 միլիոն հայ կոտորեցին. պատմաբանները սա կոչում են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: 2015-ին մի թրքուհի պարզում է, որ մեծ տատը ցեղասպանությունը վերապրողներից է, և որոշում է մեկնել Հայաստան՝ մասնակցելու Հայոց եղեռնի 100-ամյակին:
Մայան այս խնդրի մարմնավորումն է, քանի որ և՛ հայ է, և՛ թուրք: Նրա ներսում երկու թշնամի է ապրում. մեկը տառապում է ցեղասպանության պատճառով, իսկ մյուսը՝ հերքում այդ փաստը: Նարե Մկրտչյանի պապիկն ու տատիկը վերապրել են Հայոց ցեղասպանությունը: 100-րդ տարելիցի կապակցությամբ նա ցանկացել է ֆիլմ նկարահանել ոչ թե Հայոց ցեղասպանության մասին, այլ ավելի շատ մարդկանց մասին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ այս թեման միշտ է եղել կինեմատոգրաֆիստների ուշադրության կենտրոնում, ու գրեթե միշտ ուղղված է եղել հայերին. «Հայերն ամեն դեպքում գիտեն, թե իրականում ինչ է եղել 1915 թվականին: Այս ֆիլմը օտարների համար է», – նշեց ռեժիսորը: Նա պատմեց, որ բավականին ծանր փորձություն էր Թուրքիա գնալը: Նա ծիծաղելով հիշեց, որ անգամ չէր սպասում, որ այնտեղ մարդիկ են ապրում, քանի որ մինչ այդ միայն բացասական պատկերացում ուներ նրանց մասին: Ֆիլմի հեղինակը խոստովանեց, որ հերոսուհու ընտրությունը շատ դժվար էր: Բարդ էր գտնել մի մարդու, որ տեսախցիկի առջև այդ խնդրի մասին կխոսի: Ռեժիսորն ընդգծեց, որ միայն թուրքի էր պատկերացնում իր ֆիլմում:
Չէր ուզում, որ հերոսուհին քուրդ կամ այլ ազգի ներկայացուցիչ լիներ. «Ուզում էի անպայման թուրք լիներ: Գտա Մայային: Չգիտեի, որ նա չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, քանի որ մեր նամակագրության ժամանակ ասում էր ցեղասպանություն: Շոկ էր ինձ համար, որ նա տեսախցիկի առաջ չասաց ցեղասպանություն բառը: Այս ֆիլմն ինձ համար նամակ է ուղղված Մայային»,- Ankakh.com-ի փոխանցմամբ՝ ասաց նա:
Ի դեպ, երբ մեկ տարի անց Նարեն խոսեց Մայայի հետ ֆիլմը դիտելուց հետո, նա հիշատակեց ցեղասպանություն բառը: Ռեժիսորը գտնում է, որ անարդարության պատճառով ոչ թուրքերը, ոչ հայերը չեն կարողանում մոռանալ անցյալը և շարժվել առաջ:
Ֆիլմը նկարահանելուց հետո Նարե Մկրտչյանն հասկացել է` երկու ազգի միջև փոփոխությունը, չի գալու նախագահներից, այլ այն մարդկանց միջոցով, որոնք Հրանտ Դինքի մահից հետո դուրս էին եկել փողոց ու ասացին` իրենք բոլորը Հրանտ Դինք են, բոլորը հայ են: