Հայրենադարձության շնորհիվ՝ երջանկությունս գտա. Թեննի Ադամյան

«Հայերն այսօրի» զրուցակից իրանահայ գրաֆիկական դիզայներ, նկարչուհի Թեննի Ադամյանի կյանքում ճակատագրի գործոնը մեծ նշանակություն է ունեցել: Հայաստան կատարած այցելությունները ոգևորել են, որ Հայրենիքում բարձրագույն կրթություն ստանա, ինչն էլ  հայրենադարձության պատճառ է հանդիսացել:  Իսկ  որոշ ժամանակ անց՝  խորհրդանշական մի օր, ճակատագրի թելադրանքով հանդիպել է Թոմին, որը հետագայում դառնալու էր նրա ամուսինը:

-Թեննի՛, ի՞նչը շարժառիթ հանդիսացավ, որ ուսումը Հայաստանում շարունակեք :  

-Գլխավոր պատճառներից մեկն այն էր, որ Հայաստանում երիտասարդներին ընձեռվող առավելություններն ու հնարավորությունները,  համեմատած Իրանի, բավականին  շատ են:

Ծննդավայրումս՝ Թեհրանում, ապահով եմ ապրել, ոչ մի խնդրի առջև չեմ կանգնել, ազգային ճնշումների էլ երբեք չեմ ենթարկվել. հայերն, իբրև քրիստոնյա ազգ, Իրանում միշտ հարգված են եղել:

Պարզապես մեծ ցանկություն ունեի Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալ: Այդ ցանկությունն ավելի էր ամրապնդվում նախորդ տարիներին, իբրև զբոսաշրջիկ՝ Հայաստան կատարած այցելություններիս ժամանակ: Հայաստանում սովորող ընկերներ ունեի, որոնք ինձ խորհուրդ տվեցին  հետևել իրենց օրինակին:

2001թվականին եմ առաջին անգամ Հայաստան եկել, որն էլ ճակատագրական դարձավ ինձ համար: Վերադառնալով Թեհրան՝ մեկ տարվա մտորումներից հետո հաստատակամորեն վճռեցի նպատակիս հասնելու  համար Հայրենիք վերադառնալ:

– Ինչպիսի՞ դիրքորոշում ունեին ծնողներդ այս հարցում:

-Սկզբում անհանգիստ էի, թե որոշմանս ինչպես կարձագանքեին: Սակայն ծնողներս վստահեցին ինձ, քանի որ հասկացան՝ հարցին լուրջ եմ տրամադրված: Այս առումով հեշտ ստացվեց նրանց համաձայնությունը ստանալ :

 – Մասնագիտական ի՞նչ ուղի ընտրեցիք, Թեննի՛:

Ընտրեցի Գրաֆիկական դիզայների մասնագիտությունը, քանի որ այդ ուղղությունը հոգեհարազատ էր ինձ: Մասնագիտական բարձրագույն կրթություն ստանալու համար ընդունվեցի Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ընդհանուր դիզայնի բաժինը, ապա ուսումս մագիստրատուրայում շարունակեցի:

Սովորելուն զուգահեռ՝ դասերից հետո նաև աշխատել եմ գովազդային ընկերությունում:

-Գրաֆիկական ի՞նչ աշխատանքներ եք պատրաստում:

– Գրաֆիկական դիզայներ լինելով՝ դիզայն և բրենդինգ ոճում եմ աշխատել, նաև ինտերնետային առցանց կայքեր եմ պատրաստել:  Այժմ էլ գրաֆիկական տարբեր աշխատանքներ եմ կատարում:

Այս աշխատանքներին զուգահեռ՝ նկարչությամբ եմ զբաղվում, որն ինձ հոգումս կուտակված ապրումներն ու զգացումները արտահայտելու հնարավորություն է տալիս:

 Նկարչությունն ինձ վաղուց է գերել: Հիմնականում գծանկարներ և դիմանկարներ եմ անում: Հայրս նույնպես նկարչության հանդեպ մեծ սեր ունի: Չնայած հաշվապահ լինելուն՝ պարսկական ավանդական զարդանախշերով մանրանկարներ է պատրաստում:

Ինձ հաճելի է նկարել այն մարդկանց, որոնց անձամբ ճանաչում եմ: Որքան մտերիմ եմ տվյալ մարդուն, այնքան հեշտ է ստացվում նրան պատկերելը: Վերջերս նման երկու դիմանկարներով էլ մասնակցեցի «Արվեստ էքսպո-2016» միջազգային 2-րդ ցուցահանդեսին:

– Ինչպե՞ս իմացաք, որ Հայաստանում նման ցուցահանդես է կազմակերպվում:

 -Ցուցահանդեսի կազմակերպչին՝ լիբանանահայ գեղանկարիչ Վագո Արմենո Խախամյանին, վաղուց էի ճանաչում: Անցյալ տարվա ցուցահանդեսին, որին ընկերուհիս էր մասնակցում, հյուրի կարգավիճակում էի գտնվում: Տեղյակ էի, որ այն ՀՀ սփյուռքի նախարարաության աջակցությամբ է իրականացվում և ցուցահանդեսին ներկայացվում են սփյուռքահայ արվեստագետների աշխատանքները:

Հենց ցուցահանդեսի ժամանակ էլ միտք ծագեց, որ հաջորդ տարի ես նույնպես մասնակցեմ: Այդ մասին տեղյակ պահեցի Վագոյին: Մասնակցությունս ցուցահանդեսին հիշարժան դարձավ նաև՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից նախարարության շնորհակալագրով պարգևատրելու պատճառով, որի համար անչափ շնորհակալ եմ:

-Այլ ցուցահանդեսների մասնակցե՞լ եք:

– Այդ առումով մեծ ուղի չեմ անցել: Աշխատանքերս ցուցադրվել են նաև Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ), որտեղ էլ Վագոն ծանոթացել էր աշխատանքներիս: Արտերկրում դեռևս ցուցահանդես չեմ ունեցել:

-Այժմ խոսենք հայրենադարձության մասին: Հե՞շտ էր արդյոք միայնակ Հայաստան գալ և նոր կյանք սկսել:

– Միակ դժվարությունը մարդկանց հետ սոցիալական շփման մեջ մտնելն էր, որը հասկանալի էր ինձ համար: Իհարկե, սկզբնական շրջանում Հայաստանում սփյուռքահայերին գրկաբաց չեն ընդունում, քանի որ ծանոթության և վստահության եզրեր գտնելու համար ժամանակ է հարկավոր:

 Սակայն հոգեբանական այդ անցումը հեշտ հաղթահարեցի այն պատճառով, որ Իրանի հայկական համայնքի կողմից միշտ ջերմությամբ եմ շրջապատված եղել,  օտարություն չեմ զգացել:

Դեռ փոքր տարիքից մեր գիտակցության մեջ սերմանել են, որ Հայաստանը համայն հայության օրրանն է, և որ Հայրենիքում մեզ սպասում են:

-Եթե առարկայական խոսենք, ապա կարող եք ասել՝ հայրենադարձությունից ստացած ամենամեծ ձեռքբերումը Ձեզ համար ո՞րն է եղել:

– Ավելի լավ բացահայտեցի Հայաստանը, ճանաչեցի մարդկանց, հայաստանյան բարքերը, որոնք էլ ինձ օգնեցին հայ լինելու իրական արժեքը զգալ:

Սակայն ամենամեծ ձեռքբերումն այն է, որ հայրենադարձության շնորհիվ երջանկությունս գտա, ընտանիք կազմեցի Հայաստանում:
Ամուսինս՝ Թոմը, անգլիացի է: Նա Հայաստան է եկել հեծանիվով կատարած արկածային ճամփորդությամբ:

Նրան հանդիպել եմ Սուրբ Վալենտինի օրը՝ երևանյան ակումբներից մեկում: Այդ օրը չէի ուզում տանից դուրս գալ, քանի որ առաջիկա քննություններին էին պատրաստվում:

 Ընկերուհուս հորդորներին հետևելով՝ համաձայնեցի մի փոքր լիցքաթափվել:

Մտերմանալով Թոմի հետ՝ ընկերական շրջապատ կազմեցինք և սկսեցինք զրուցել տարբեր թեմաների շուրջ: Զրույցի ընթացքում պարզեցի, որ նա մի քանի օր հետո Իրան է մեկնելու և առաջարկեցի իմ օգնությունը՝ տալով ծնողներիս և ընկերներիս հեռախոսահամարները՝ անհրաժեշտության դեպքում զանգահարելու համար: Սակայն Թոմը գնալն անընդհատ հետաձգում էր, և պատճառն արդեն հասկանալի էր: Մեր սիրո պատմութունն ամուսնությամբ  ավարտվեց:

-Ինչպե՞ս է Թոմն իրեն զգում Հայաստանում, ի՞նչ կարծիք ունի հայ ժողովրդի մասին:

– Շատ լավ է զգում: Նա շատ երկրներում է ճամփորդել և ասում է, որ Հայաստանն իր համար ամենաթանկ և սիրելի երկրների թվին է պատկանում: Հիացած է Հայաստանի փարթամ բնությամբ, սաղարթախիտ անտառներով, որոնք իրեն դրական էներգիա և բարձր տրամադրություն են հաղորդում:

Ամուսինս  այստեղ իրեն հետաքրքրող այնպիսի աշխատանք է գտել, որը Հայաստանի համար զբոսաշրջային առումով կարևոր նշանակություն է ունենալու:

Այժմն նա ընկերների հետ միասին մի նախագծի շուրջ է աշխատում, որն առաջին քայլարշավի ճանապարհն է լինելու բնության, սարերի մեջ և ձգվելու է Իրանի և Վրաստանի սահմանի երկայնքով: Այդ ճանապարհը հատուկ պետք է համարակալվի և քարտեզագրվի: Այլ կերպ ասած՝ բացահայտում և միացնում են Հայաստանի քայլարշավային գողտրիկ արահետները:

Նա գնահատում է Հայաստանի հնարավորությունները և ասում է, որ դրանք ըստ արժանվույն պետք է օգտագործել:

Թոմն արդեն կիսով չափ հայերեն է խոսում: Նրան այդ հարցում շատ է օգնում աշխատանքի բերումով Հայաստանի գյուղերով և քաղաքներով շրջելու ժամանակ մարդկանց հետ հաղորդակցվելը:

Զրուցեց Գևորգ  Չիչյանը

 

Scroll Up