Հիանալի քննարկում ունեցանք ՀՀ արտգործնախարարի հետ. Ուորլիք

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հիանալի քննարկում է տեղի ունեցել Վիեննայի գագաթնաժողովի որոշումների իրականացման հարցի շուրջ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Հիանալի քննարկում ունեցանք Հայաստանի ԱԳ նախարարի հետ Վիեննայի գագաթաժողովի որոշումների իրականացման հարցի, այդ թվում ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմի ստեղծման առաջարկի շուրջ»,- Twitter-ի իր էջում գրել է Ուորլիքը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 2-ին աշխատանքային այցելությամբ Փարիզում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։
ԱԳՆ-ից հայտնել էին, որ հանդիպմանը քննարկվել են զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ համանախագահների առաջարկների մանրամասները։
Կարեւորվել է մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման եւ հետաքննության մեխանիզմի ձեւավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար»: