Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն
Հունիսի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցութեան պատվիրակությանը, որի կազմում էին գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Ներսիսյանը, մամուլի եւ հրատարակչական բաժնի վարիչ Անդրանիկ Մարդոյանը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը՝ ողջունելով հյուրերին, արժևորեց հայ ավետարանչական ընկերակցութեան հայանպաստ գործունեությունը, նշեց վերջին տարիներին իրականացրած գնահատելի աշխատանքը։
Զրույցի ընթացքում անդրադարձկատարվեց այս օրերին հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրներին՝ Արցախյան պայքարին, սիրիահայերի հիմնախնդրին, քննարկվեցին և նախանշվեցին անելիքները:
Զավեն Խանջյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, շեշտեց, որ «Հայ Ավետարանչական ընկերակցությունը սիրիահայության աջակցության ծրագրերի շրջանակում հայտարարել է, որ «Միակը Հայաստանն է» կարգախոսով աջակցում են այն սիրիահայերին, ովքեր ցանկություն են հայտնում Հայաստան մեկնել»։
Զավեն Խանջյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում, մեծացել է Էմանուել Հայ Ավետարանական եկեղեցու ազդեցության ներքո և եղել է վերջինիս երիտասարդական խմբի ակտիվ անդամ:
Հալեպի քոլեջն ավարտելուց հետո Խանջյանը հաճախել է Բեյրութի Ամերիկյան համալսարան՝ 1967 թվականին ստանալով բակալավրի աստիճան բիզնեսի կառավարման ոլորտում: Ուսումն ավարտելուց հետո տեղափոխվել է Պարսից ծոցի երկրներ, որտեղ 13 տարի շարունակ աշխատել է իր մասնագիտությամբ՝ հեղինակավոր ընկերություններում զբաղեցնելով լավագույն պաշտոնները:
1979 թվականին Խանջյանների ընտանիքը տեղափոխվել է Կալիֆորնիա: Մասնագիտությամբ մի քանի տարի աշխատելուց հետո 1987 թվականին հիմնել է «Խանջյան» անշարժ գույքի գործակալությունը Գլենդեյլում:
Տարիներ շարունակ եղել է Լոս Անջելեսի հայկական համայնքի անդամ և օգտագործել է կառավարչական հմտությունները «Հայաստան» համահայկական հիմնադրամ, Հյուսիսային Ամերիկայի Ավետարանչական միություն, Մերդինյան Հայ Ավետարանական դպրոց, Միացյալ հայկական կոնգրեգացիոնալ եկեղեցի, Բեյրութի Հայկազյան համալսարան, Ամերիկացիները հանուն Արցախի կազմակերպություններում:
Վերջին տարիներին նախագահել է Սիրիայի Հայ օգնության ֆոնդը՝ հասույթը հասցնելով մինչև 1 մլն դոլարի:
Խանջյանը նպաստել է ամերիկա-հայկական ԶԼՄ-ներում երկլեզու հոդվածների ծավալների մեծացմանը: Երեք հայալեզու գրքերի հեղինակ է: