Հայկական սփյուռքի մասին պատմող բասկ ռեժիսորի ֆիլմը կցուցադրվի Սան Սեբաստիանի կինոփառատոնում
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ` Հայոց ցեղասպանության մասին պատմող բասկ ռեժիսոր Խուանմի Գուտիեռեսի «Հայկական սփյուռքի ձայնը» նոր վավերագրական ֆիլմը կցուցադրվի Սան Սեբաստիանի XIV կինոփառատոնի շրջանակներում:
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ ֆիլմում արծարծվում են հուշեր, երկրի հանդեպ սեր, անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանությանը: Հայերի խնդիրները ներկայացվում են ֆիլմի հերոսների վկայություններով:
Ֆիլմի հեղինակը եղել է Հայաստանում, ծանոթացել երկրի մշակույթին և կենցաղին: Խոսելով հայերի մասին՝ պատմում է, որ Հայաստանում ապրող ժողովուրդը բազում զրկանքներ է կրել իր գոյության ընթացքում, շատ հյուրասեր է և նա, ով թեկուզ մեկ անգամ լինի Հայաստանում, անպայման կսիրահարվի երկրին: