Հայոց եկեղեցին զորավիգ է Հայոց բանակին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/Հայրապետներ.jpg)
Այս օրերին Հայոց Եկեղեցին, զույգ Վեհափառ Հայրապետների հոգևոր առաջնորդությամբ և աշխարհասփյուռ թեմերի բարեխնամ առաջնորդների կազմակերպմամբ, հայության բոլոր հատվածներին վարակում է հայրենասիրության ու ազգասիրության զորեղ զգացումով՝ մասնակցելով համայնքներին զորաշարժի ենթարկելու գործին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի նախագահությամբ՝ ամենուր կատարվում են Հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների համար աղոթքներ, մարտերում ու սահմանամերձ բնակավայրերում զոհվածների համար հոգեհանգստյան արարողություններ՝ խնկարկելով նրանց հայրենասիրական նվիրումն առ ազգ, առ Հայրենիք և առ Աստված:
Ոգևորիչ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հորդորները Արցախի հայությանը ղարաբաղա-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակի ժամանակ, այն, որ լինենք միաբան, կազմակերպված, սառնասիրտ հայացքով և զորեղ ոգով շարունակենք մեր սրբազան առաքելությունը` պաշտպանել Հայրենիքը, մեր անկախությունըը, մեր կյանքը, ազատությունը և մեր պատիվը:
Վեհափառ Հայրապետների առաջիկա օրերին նախատեսվող այցելությունը Լեռնային Ղարաբաղ ապացուցում է մեր ազգի միասնությունը, համախմբվածությունը, մեր եկեղեցիների բոլոր թեմերի՝ Արցախին զորավիգ կանգնելու գնահատելի նախաձեռնությունը:
Կաթողիկոսներն իրենց ներկայությամբ հոգևոր նոր լիցքեր կհաղորդեն մեր զինվորներին և առավել կբարձրացնեն նրանց խրոխտ ոգին, Աստվածաշնչյան զորավիգ խորհուրդներին ականջալուր լինելով՝ նրանք կշարունակեն դիմակայել բոլոր դժվարություններին՝ ամուր պահելով մեր Հայրենիքի սահմանները և հարկ եղած դեպքում հետ շպրտելու ամեն մի ոսոխի:
Ազգային միասնության այս աննախադեպ օրերին բառերով հնարավոր չէ նկարագրել հայրենասիրական այն պոռթկումը, որն այսօր թևածում է Հայոց բանակում, երբ կանոնավոր բանակին և աշխարհազորին միացել են Մայր Աթոռի 45 հոգևոր սպասավորներ, որոնց մեծ մասը մեկնել է Արցախ՝ այդ թվում՝ առաջնագիծ: Նրանք թև ու թիկունք են դարձել Հայոց բանակի արիասիրտ զինվորներին՝ վճռականորեն պաշտպանելու հայրենի երկիրն ու սրբությունները, արցախահայության ազատ ապրելու արդար իրավունքը:
ՀՀ սփյուռքի նախարարություն