Independent. Ժամանակն է, որ ԱՄՆ-ն վերջապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը
Ողջ շաբաթվա ընթացքում «ցեղասպանություն» եզրույթը շրջանառվում էր աշխարհի բազմաթիվ երկրների արտգործնախարների բառապաշարում, այն պահից ի վեր, երբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց, թե «Իսլամական պետությունը» Մերձավոր Արեւելքում եզդիների, քրիստոնյաների եւ շիա մուսուլմանների նկատմամբ ցեղասպանություն է իրականացնում: Սակայն նրանք մոռանում են, որ այդ սարսափելի վայրագությունները կատարվում են այն նույն հողի վրա, նույն անապատներում, որտեղ 100 տարի առաջ ավելի սարսափելի Ցեղասպանություն է տեղի ունեցել՝ մեկ ու կես միլիոն հայ քրիստոնյաներ թուրքերի կողմից հրի ու սրի են մատնվել: Այս մասին գրում է բրիտանական«Independent» պարբերականը:
Թերթը հիշեցնում է, որ թուրքերը բնաջնջել են 1,5 մլն քրիստոնյա հայերի, բռնաբարել նրանց կանանց, գլխատել տղամարդկանց:
«Անատոլիայի գետերը լցրած հայերի դիակներն այնքան շատ էին, որ դրանք փոխել էին իրենց հունը: Իսկ Թուրքիան հիմա մեր լավ բարեկամն է, ՆԱՏՕ-ի դաշնակիցը և այս ամսվանից արդեն Եվրոպա մուսուլմանների հոսքը զսպող մեր հենքը»,-մեկնաբանում է բրիտանական պարբերականը:
«Այս ամենը մի փոքր անհարմար իրավիճակ է ստեղծում: Իրաքի քրիստոնյաներն ու եզդիներն, անխոս սպանվել են, նրանց հետ նաեւ 1915թ. վերապրածների սերունդները: Ենթադրվում է, որ «Իսլամական Պետության» կողմից շիաների սպանդը ցեղասպանություն որակվեց այս պահին, քանի որ շիական Իրանը համաձայնել է գնալ միջուկային գործարքին: Իսկ ինչ վերաբերում է եզդիներին, եկեք վերադառնանք 1892թ., երբ նրանց դեմ իրականացվեց ամենասարսափելի ցեղասպանություններից մեկը՝ թուրք սուլթան Աբդուլ Համիդ 2-ի կազմակերպած զանգվածային սպանդը: Սակայն սուլթանի իրականացրած ջարդերին զոհ գնացին տասնյակ հազարավոր հայեր, որոնց նկատմամբ կատարվածը Քերրին տարիներ շարունակ կոչում էր 20-րդ դարի ցեղասպանություն, երբ դեռ սենատոր էր: Հիմա Քերիին Հայոց ցեղասպանությունը տեսնում է որպես «20-րդ դարի ամենասարսափելի գազանություններից մեկը»- գրում է հեղինակը:
Պարբերականը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը պարբերաբար դատապարտում էր Հայոց ցեղասպանությունը, մինչև այն պահը, երբ դարձավ ԱՄՆ պետքարտուղար:
«Դոնալդ Թրամփը մինչեւ հիմա դեռ չի միջամտել այդ «քննարկումներին», սակայն Ադրբեջանում բացված նրա «Trump hotel»-ը մեզ հուշում է, թե ինչ ենք մենք լսելու նրանից մոտ ապագայում»,-հավելում է հոդվածագիրը: