«Արի տուն» ծրագրի արդյունքները տեսանելի կլինեն առնվազն 10, 20 տարի հետո. Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար
ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչության ծրագիրը հնարավորություն է տալիս Սփյուռքի տարբեր համայնքներում ապրող երիտասարդներին այցելելու Հայաստան ու ծանոթանալու հայրենիքին: Սակայն ծրագիրն ունի նաև հեռահար նպատակներ: «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ այս մասին մարտի 25-ին Սփյուռքի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
««Արի տուն» ծրագիրը յուրահատուկ «ներդրում է» Սփյուռքում ապրող երիտասարդների հոգիներում, որի արդյունքը տեսանելի կլինի 10, 20 տարի հետո: 13-18 տարեկանում լինելով Հայաստանում՝ նրանք ոչ միայն ճանաչում են, սիրում իրենց հայրենիքը, այլև ամուր թելերով կապվում են հայրենիքին: Այդ սիրո սերմերը ժամանակի ընթացքում տալիս են իրենց պտուղները: Իրենց ապրած երկրներում դառնալով կայացած քաղաքացիներ, ձեռք բերելով որոշակի վաստակ և լծակներ՝ այդ ամենն ուղղում են դեպի Հայրենիք և օգտագործում ի շահ Հայաստանի զարգացման»,- նշեց Ֆիրդուս Զաքարյանը:
«Արի տուն» ծրագրի շնորհիվ այսօր բազմաթիվ երիտասարդներ սովորում են Հայաստանի բուհերում, ծառայում են Հայոց բանակում: