Նիդերլանդների Մաստրիխտի կիրակնօրյա դպրոցի սաները անակնկալ են մատուցել մարտի 8-ի առիթով
Նիդերլանդական Մաստրիխտ քաղաքի «Անի» հայ համայնքի անդամները, թեև հեռու հայրենիքից, բայց ապրում են բուռն հայկականությամբ շնչող կյանքով: Տեղի Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական խորհուրդն արել է անհրաժեշտը, որպեսզի այստեղ այցելող յուրաքանչյուր հայ իրեն զգա որպես համայնքի լիարժեք անդամ:
Հերթական անգամ կիրակնօրյա սուրբ եւ անմահ Պատարագից հետո հաճելի անակնկալ մատուցեցին Մաստրիխտի կիրակնօրյա դպրոցի աշակերտները: Նրանք մեսրոպյան մայրենիով ելույթներ էին պատրաստել՝ նվիրված կանանց տոնին: Այս մասին հայտնում է «Հայերն այսօր»-ը՝ հղում կատարելով «Նիդերլանդական օրագրին»:
Մանկան պարզությամբ մատուցած երգն ու պարը, արտասանությունները լավագույն նվերն էին հատկապես նրանց մայրերին, քույրերին ու տատիկներին՝ գարնան զարթոնքի տոնի, մարտի 8-ի առիթով:
Սուրբ Կարապետ Եկեղեցու ծխական խորհրդի ու «Անի» հայ համայնքի ջանքերով մինչև ապրիլի 7-ը՝ Մայրության ու գեղեցկության տոնին ընդառաջ, կկազմակերպվեն մի շարք այլ միջոցառումներ: