Լեհաստանում ՀՀ դեսպանը Վոլոմին քաղաքում ներկայացրել է Հայաստանում ներդրումային հնարավորությունները

Փետրվարի 29-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը մասնակցեց Վոլոմին քաղաքում տեղի ունեցած տարածաշրջանային տնտեսական համաժողովին, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Համաժողովին մասնակցում էին Վոլոմինի տարածաշրջանի ղեկավար Կաժիմիեժ Ռակովսկին, տարածաշրջանի տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ գործարարներ:
Համաժողովի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանում գործարարության և տնտեսության զարգացման հեռանկարներին: Թեմայի շրջանակներում զեկույցով հանդես եկավ հայ-լեհական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մաչեյ Բոհոսևիչը: Նա ընդհանուր տեղեկություններ ներկայացրեց Հայաստանի և մասնավորապես հայ-լեհական տնտեսական հարաբերությունների մասին:
Դեսպան Ղազարյանն իր ելույթում ներկայացրեց Հայաստանում ներդրումային հնարավորությունները: Էդգար Ղազարյանը լեհ գործարարներին ներկայացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից, ինչպես նաև Իրանի նկատմամբ միջազգային տնտեսական պատժամիջոցների վերացումից հետո Հայաստանում ներդրումներ իրականացնելու և տարածաշրջանային շուկաներում նոր դիրք զբաղեցնելու հեռանկարները: Դեսպանը նաև պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերել Հայաստանի հետ կապված բոլոր տնտեսական նախաձեռնություններին և ծրագրերին: