Սոֆիայի հայ համայնքը նշեց Տեառնընդառաջը (լուսանկարներ)

Փետրվարի 14-ին Սոֆիայի Հայոց ազգային տանը տիրում էր ուրախ խառնաշփոթ: Մինչ Սբ. Աստվածածին եկեղեցում կատարվում էր կիրակնօրյա տոնական ժամերգությունը՝ երեխաները և երիտասարդները պատրաստվում էին իրենց ելույթին: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Գոհար Խնկանոսյանը:

Տեառնընդառաջը համայնքում սկսվեց նշվել 2002 թվականից՝ Սթ. Հովակիմյանի անվան դպրոցական ընկերության կողմից, հիմնականում՝ Գոհար Խնկանոսյանի աշակերտների մասնակցությամբ: Տարիների ընթացքում տոնը սիրվեց և ավանդական դարձավ Բուլղարիայի մայրաքաղաքի հայկական համայնքի համար: Այս տարի, համընկնելով ոչ աշխատանքային օրվա հետ,  Տեառնընդառաջը նշվեց առավել շուքով՝ տեղական եկեղեցական վարչության, ՀՄԸՄ-ի, «Բարեգործական»-ի և այլոց մասնակցությամբ:

Ըստ կարգի՝ խորանից վերցված մոմով վառվեց եկեղեցու բակում պատրաստված կրակը: Թեմի առաջնորդ Տ. Իսահակ վրդ. Պողոսյանը ողջունեց ներկաներին և օրհնեց նորապսակ զույգին: Մինչ կրակի բոցերն իջան, ՀՄԸՄ սկաուտներն ասմունքեցին, իսկ մանուկներն ավանդական աղանձ ստացան Գոհար Խնկանոսյանից:

Ներկաների տրամադրությունն էլ ավելի բարձրացավ, երբ ելույթ ունեցավ ՀԲԸՄ-ի աշակերտական «Հայ լեռ» պարախումբը, որին միացավ երիտասարդական «Նաիրի» անկախ պարախումբը, ու միասին կատարեցին «Թամզարա» շուրջպարը: Էմմա Շահինյանի ղեկավարած «Նաիրի» պարախմբի «Էջմիածնի» և «Մայրոքե» շուրջպարերին միացան նաև ներկաները:

Հավելենք, որ այս տարի Պլովդիվ, Ռուսե և այլ քաղաքներում ևս նշվեց Տիրոջն ընդառաջ գնալը խորհրդանշող վաղեմի այս տոնը:

Լուսանկարները՝ հեղինակի

Սթ. Հովակիմյանի անվան դպրոցական ընկերությունՍթ. Հովակիմյանի անվան դպրոցական ընկերություն1 Սթ. Հովակիմյանի անվան դպրոցական ընկերություն2Սթ. Հովակիմյանի անվան դպրոցական ընկերություն3 Սթ. Հովակիմյանի անվան դպրոցական ընկերություն4Սթ. Հովակիմյանի անվան դպրոցական ընկերություն5 Սթ. Հովակիմյանի անվան դպրոցական ընկերություն7 Սթ. Հովակիմյանի անվան դպրոցական ընկերություն8

Scroll Up