Տիգրան Մանսուրյանի 77-ամյակին. 20 միտք մեր ժամանակների մաեստրոյից

Այսօր հանրահայտ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը դառնում է 77 տարեկան։ Այդ կապակցությամբ NEWS.am-ը ներկայացնում է մեջբերումներ մաեստրոյի՝ մեր կարծիքով ամենահայտնի 20 մտքերից, մաեստրո, առանց որի հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից հայկական երաժշտությունը։

Երաժշտության մեջ մտնելը ինձ համար սուրբ տաճար մտնել է՝ անկախ նրանից այդ պահին ունկնդիր եմ, թե հորինող կամ կատարող։

Դաշնամուրի առաջ ես երբեւէ չեմ նստել հողաթափերով. եթե նստած եմ, ուրեմն հավաք եմ մինչեւ վերջ, կոշիկներիս կապիչներն էլ ամուր կապված են։ Այսպես է սկսվում իմ օրը։

Գործը գրելու ընթացքում գալիս է մի պահ, երբ աչքդ ընկնում է սեւագրությունների խրձին. Աստվա՜ծ իմ, այս ինչքա՛ն սեւացրած նոտայի թուղթ է գոյացել… ու դեռ ինչքան պիտի մեծանա այս խուրձը՝ մինչեւ գործը ավարտվի։

Ես նոտայի թուղթ երբեք չեմ պատռում։ Խուսափում եմ որեւէ մեկին նոտայի մաքուր թուղթ տալ։ Սեւագիր էջ էլ որեւէ մեկին չեմ տալիս։ Չավարտված գործի նոտաները տնից դուրս հանելը ինձ համար վատ նշան է։

Մարդիկ կան, որոնք պատանի հասակում ծերուկ են եւ ծերուկ հասակում պատանի: Այդ երկու բեւեռները ես մշտապես ինձ հետ ունեմ: Անգամ երիտասարդ տարիներին իմ մեջ ունեցել եմ ծերուկին, խոհուն մարդուն:

Ես Հայաստանի հողի ամեն թիզին սիրահարված եմ` լինի դա Լոռի, Շիրակ, Արարատյան դաշտ, Զանգեզուր, ամենուրեք: Ես մի օր գնում էի Գորիս եւ երբ ճանապարհին իջանք մեքենայից, դաշտ մտա, դաշտի եզրին մի շատ գեղեցիկ ծաղիկ կար: Երկար մտածեցի` պոկեմ, վերցնեմ-­չվերցնեմ, վերջը թողեցի եւ երջանիկ եմ, որ այդ ծաղիկն այնտեղ եմ թողել եւ միտքս դեռ իր հետ է:

Առանց առաքելության չկա տաղանդ։ Եթե մարդը արվեստ է եկել առանց ներքին ծրագրի, դա տաղանդ չէ։ Ուղղակի լինում են հմուտ մարդիկ, որոնք կարող են ձեւացնել։

Հայի համար երաժշտությունը ապաշխարանքի ձեւ է։ Մի անգամ Փարիզում ես հանդիպեցի 90-ամյա մի կնոջ։ Նա պատմեց, թե ինչպես է Կոմիտասը հյուր գնացել իրենց, երբ ինքն ու քույրը դեռ երիտասարդ էին։ Կոստանտնուպոլսում նրանց տանը երաժշտական գործիք կար, եւ իրենք Կոմիտասին խնդրեցին երգել։ Նա հայկական ժողովրդական երգ կատարեց՝ ինքն իրեն  նվագակցելով։ Քույրերը եվրոպական երաժշտություն էին սովորում եւ խնդրեցին իրենց համար եվրոպական մի բան երգել։ Կոմիտասը Շուբերտ երգեց։ Պատուհանը բաց էր, եւ մինչ նա երգում էր, փողոցում մարդիկ էին հավաքվել, որոնք հետո բարձր ծափահարեցին։ Այդ պատմությամբ իմ զրուցակիցը ուզում էր ասել, թե որքան լավ է Կոմիտասը Շուբերտ կատարել։ Իսկ ինձ հետաքրքրում էր, թե ինչպես է նա ցածր, իր  ներսում երգել մեր երգը. չէ՞ որ Կոմիտասը լավ ձայն ուներ։  Բայց մարդիկ պատուհանի տակ չէին հավաքվել։ Ինչու՞։ Որովհետեւ մեր երգը ցածր է երգվում։ Մեր երաժշտությունը ներսում է երգվում։ Այդպիսին է նրա էությունը։ Այդ պատճառով ես երաժշտությունը բաժանում եմ ներսում կատարվող եւ արտաքին աշխարհին ուղղված երաժշտության։ Ես շատ եմ գնահատում երաժշտությունը, որն ուղղված է ներս։

Մտնելով Քյոլնի մայր տաճար՝ ես տեղումս քարանում եմ։ Նման հսկայական տարածությունից համրանում ես, չգիտես՝ ուր գնալ։ Իսկ Էջմիածնում խուցային տարածք է։ Մեր ցանկացած եկեղեցի միայն մեկ մարդու համար է։ Հենց որ ներս ես մտնում, դու տանն ես։ Մյուսը կողքիդ կկանգնի եւ նույնպես իրեն տանը կզգա։ Իսկ հսկակայան տաճարները բոլորովին այլ բան են։ Այնտեղ մարդկանց բազմությունը տաճարայնություն է ձեւավորում։

Մինչ օրես ես եկեղեցում տեսնում եմ խորհրդային կամ նախկին խորհրդային հայի եւ սփյուռքահայի տարբերությունը։ Երբ սփյուռքահայը եկեղեցի է մտնում, նա, որպես կանոն, երգում է։ Դա կենդանի ավանդույթ է։ Այստեղ մենք դա չենք պահպանել, չգիտենք, ինչ եւ ինչպես երգել եկեղեցում։ Կապը խզվել է։

Մեզ մոտ՝ Հայաստանում, երաժիշտը երաժշտություն է սովորում Կոմիտասի անվան կոնսերվատորիայում եւ եկեղեցական շարականներ չգիտի, իսկ Լիբանանում դա գիտի անգամ կոշկակարը։

Ես չեմ հավատում դասախոսական գործունեությանը։ Ես ինքնուս եմ։ Իհարկե ես հիանալի դասախոսներ եմ ունեցել, բայց ես չեմ սիրում դասավանդել։ Թող ամեն մեկն իր խաչը  տանի։ Դա իմ խաչը չէ։

Երբեմն մտածում եմ՝ ես ի՛մ կյանքը չեմ ապրել, այլ եղել եմ ենթական այն հրամանի, ի վերուստ տրված այն հանձնարարականի, որն ինձ ստիպել է (եւ առ այսօր ստիպում է) անցնել այս ամբողջի միջով։

Գոյություն ունի իրերի աշխարհ, որոնք քո կյանքի մասն են կազմում։ Եթե սովորես նկատել դրանք, ապա կտեսնես դրանց վրա կյանքի, մարդկային գեղեցկության, մանկության հետքեր։ Եթե ամենակեղտոտ բակի անկյունում երկու-երեք երեխա է խաղում, այդ մի քանի մետրը զարմանահրաշ տարածք են դառնում՝ դրախտից էլ մաքուր։ Ահա Փարաջանովը ամեն կեղտի մեջ գեղեցկության հետքեր էր տեսնում։ Այդ տեսլականը կա նրա ֆիլմերի բոլոր կադրերում։

 

Տիգրան Մանսուրյանը, նրա քույրը՝ օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանն ու ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը

Գոյություն ունի ճիշտ սնվելու  մասին չինական ուսմունք։ Դրա առաջին կետն ասում է. «Սնվելու համար օգտակար է ամեն բան, ինչ աճում է այն հողում, որտեղ դու ծնվել ես»։ Նույնը կարելի է ասել լեզվի մասին։ Խոսքն անխոս կապված է ուղղի հետ։ Հազարամյակներ շարունակ քո նախնիների ուղեղը եւ նրանց լեզուն հարմարվել են իրար։  Լավ է, երբ քո խոսքը համապատասխանում է քո ուղեղի ծալքերին։  Վատ է, երբ դու «փակում» ես քո ծալքերը եւ խոսում ես ուրիշ լեզվով։ Ես ուրիշ լեզուներով չխոսելու կոչ չեմ անում։ Դու պարտավոր ես իմանալ քո մայրենի լեզուն, որի նկատմամբ  դու գենետիկ հակում ունես։ Չէ՞ որ այն ոչ միայն հաղորդակցման միջոց է։ Լեզուն քեզ դարձնում է այն, ինչ դու կաս, եւ միայն այդժամ դու հետաքրքիր ես դառնում մյուսներին։ Երբ ես խոսում եմ իմ հայկական ծագման մասին, դա ազգայնականություն չէ։ Այդ գիտակցությանը պետք է հասնել հասուն տարիքում, որպեսզի հենվես սեփական ճշմարտության վրա, ներկայանաս այն, ինչ դու կաս։ Իմ շահերից է բխում աշխարհին ներկայանալ որպես հայ՝ այն հարստությամբ եւ ժառանգությամբ, որն ունի իմ ազգը։

Որպես երաժիշտ, կոմպոզիտոր՝ ես երբեմն բառերով աշխատելու կարիք եմ զգում, իսկ երբեմն՝ հակառակը. չեմ կարողանում դրանց հետ աշախտել։ Ցանկանում ես ստեղծագործություն գրել դաշնամուրի համար, խմբի համար, համերգ հորինել։ Բառը քեզ համար փակ է։ Հետո նորից բացվում է։ Դու պետք է անկեղծ լինես, բխես քո ներքին վիճակից, այլ ոչ թե ապագայի ստեղծագործ պլաններից։ Ինչի՞ համար ես դու հիմա հասուն՝ երգելու՞, թե՞ գործիքային ստեղծագործության։

 

Տիգրան Մանսուրյանը, մեցցո-սոպրանո Մարիամ Սարգսյանը, դաշնակահար եւ կոմպոզիտոր Արթուր Ավանեսովը

Ինչ-որ պահի ես հանդիպեցի ԵՍՄ գերմանական ընկերության ղեկավարության հետ։ Ես նրանց պատմեցի Կոմիտասի, նրա պատմության եւ կյանքի մասին, թե ինչ է նա արել հայկական երաժշտության համար։ Նվագեցի դաշնամուրի վրա, ինչ-որ բան երգեցի, բացատրեցի։ Դա մեծ տպավորություն թողեց։ Երբ դու նոր աշխարհ ես մտնում, որտեղ քեզ չեն ճանաչում, շատ կարեւոր է գնալ քո մեծերի հետ. ահա իմ հայրը, ահա իմ պապը։ Այսպիսի անցյալ ենք ունեցել, այսպիսի սովորույթներ։ Եթե դու մարդկանց ներկայանաս այդպես՝ քո արմատներով, քո հիշատակով, հարստությամբ, մի բան է եւ բոլորին այլ բան է, երբ դու գալիս ես եւ ասում՝ ահա ես եմ, նման երաժշտություն եմ գրում։ Շատ լավ, բայց ի՞նչ երաժշտություն է դա, ու՞ր տանենք այն։ Ճիշտ է, այսօր աշխարհում հայկական երաժշտության մասին որոշակի պատկերացում ունեն։ Բայց դա առաջին հերթին հիմնված է Արամ Խաչատրյանի խորհրդային երաժշտության վրա։ ՄԵր հոգեւոր երաժշտության մասին գրեթե չգիտեն։ Կոմիտասի դեպքում թե՛ աշխարհիկ, թե՛հոգեւոր երաժշտության մասին պատկերացումներն ավելի ամբողջական են։ Այսինքն՝ ես ներկայացրել եմ ոչ այնքան ինձ, որքան Կոմիտասին՝ որպես իմ հոր։ Նախքան ինձ ճանաչելը նրանք պետք է իմանան Կոմիտասի մասին։ Այդ երեկոն շատ մեծ դեր է խաղացել։ Հետո, լսելով իմ մի քանի աշխատանքները, նրանք արդեն ճիշտ հասկացան այդ երաժշտության  յուրօրինակությունը, որը տարբերվում է աշխարհում մնացած երաժշտությունից։ Նրանք դրանում տեսան ոչ միայն ինձ՝ հեղինակին։ Երբ դու ներկայացնում ես դարերի ընթացքում հասունացած հավաքական գիտակցության արդարացիությունը, ճշմարտությունը, դա յուրահատուկ իմաստ եւ հնչեղություն է ստանում։ Եվ այդ ժամանակ դու դառնում ես ճանաչելի, եւ քեզ ընդունում են։

Ինձ համար զզվելի է երաժշտությունը, որը այլասերում է եւ դրա հաշվին շուկայում լավ է վաճառվում։ Այն հիմնված է ցածր բնազդների բորբոքման վրա եւ մանիպուլյացիայի է ենթարկում երիտասարդների բնազդները։ Երաժշտության այդ կողմն ինձ համար ամենազզվելին է։ Նման երաժշտություն ստեղծող մարդիկ անկասկած գիտեն, թե ինչ են անում։

Ես մի օր հասկացա, որ իմ կյանքն ազնվական մարդու կյանքի է նման: Ազնվականն է միայն կյանքն իբրեւ հաճույք ապրում: Ես շնորհակալ եմ Աստծուց ամեն օրվա համար` եւ այն ուրախությունների, որ ինձ համար պատրաստել էր, եւ մեծ տառապանքների համար: Բոլորի համար եմ շնորհակալ:

Ես ինձ լեգենդ չեմ զգում։ Այդ բառերն իմ մասին չեն։

Հեղինակ՝ Անի Աֆյան

Scroll Up