Լաթաքիայում կեղծ պետություն ստեղծելու Մոսկվայի պլանների մասին Էրդողանի հայտարարությունը կատարյալ հիմարություն է. Ռուսաստանի ԱԳՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե Ռուսաստանը ծրագրում է սիրիական Լաթաքիայում կեղծ պետություն ստեղծել, լիակատար հիմարություն է: Անկարան ուղղակի ցանկանում է իր վրայից հանել կասկածներն այն մասին, որ միջամտում է Սիրիայի ներքին գործերին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»­-ը, լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳՆ­ի աղբյուրը:

Աղբյուրի խոսքով` ակնհայտ է այն, որ Անկարան փորձում է Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումն օգտագործել այն բանի համար, որպեսզի Թուրքիայի վրայից հանի սիրիական գործերի մեջ միջամտող երկիր լինելու մեղքը, ցույց տալով, որ իբր դրանց միջամտում է ռուսաստանյան կողմը:

«ՌԴ ղեկավարությունը տարիներ շարունակ հայտարարել է, որ Սիրիան պետք է լինի ինքնիշխան, դեմոկրատական, աշխարհիկ եւ ամբողջական պետություն», ­ասել է ՌԴ ԱԳՆ աղբյուրը:

Թուրքիայի նախագահ Էրդողանը նախօրեին հայտարարել էր, որ ներկայում Ռուսաստանը ջանքեր է գործադրում Լաթաքիայում եւ նրա շրջակայքում սիրիական պետության կազմում իր գոտին ստեղծելու ուղղությամբ:

Scroll Up