Յուրաքանչյուր հայ պետք է աջակցի իր հայրենակիցներին. կանադահայ գործարար

Ջեկ Քաչքարյանը Կանադայի ամենահարուստ հայերից է, ով բավականին հաջողակ գործարար է, Inyx դեղագործական ընկերության սեփականատերը, միեւնույն ժամանակ Ֆրանսիայի «Մարսել» ֆուտբոլային ակումբի վառ երկրպագուներից:
Ծնվել է 1963 թ-ի փետրվարի 19 -ին Դամասկոսում: Արմատներով Արեւմտյան Հայաստանից է, որտեղից նախնիները գաղթել են Հայոց ցեղասպանության տարիներին եւ ապաստան գտել Բեյրութում, այնուհետեւ տեղափոխվել Դամասկոս: 1981 թ-ին երիտասարդ Ջեկը գերազանց ավարտելով Դամասկոսի բժշկական քոլեջը մեկնում է Բուդապեշտ՝ ուսումը շարունակելով արդեն բժշկական համալսարանում: Այնտեղ հանդիպում է հայերի՝ ներգրավվում նրանց գործունեության մեջ եւ ակտիվ մասնակցում հայ համայնքի կյանքին:
«Հունգարիա Ժամանելուն պես, ես ընկերացա տեղացի հայերի հետ եւ սկսեցի օգնել նրանց համայնքի միջոցառումների կազմակերպման եւ մշակութային երեկոների անցկացման գործերում: Այսօր իմ ընկերները Հունգարիայում համալրում են լուրջ եւ հեղինակավոր մտավորականների շարքը ողջ հայկական սփյուռքի»:
Ոսման երրորդ կուրսում հանդիպում է իր ապագա կնոջը՝ Վիկտորիա Բենկովիչին, ով ամերիկուհի էր՝ հրեական ծագմամբ: Վերջինս նույնպես նույն բուհի ուսանողն էր: Զույգը ամուսնանում է Դամասկոսում, բացառապես հայկական ավանդույթներով: «Այո, իմ կինը, հրեա է, բայց ես անմիջապես ասացի, որ հարսանիքը, տեղի է ունենալու Դամասկոսում հայկական ավանդույթներով եւ նա համաձայնվեց: Երկու տարի նրան հայերեն լեզուն եմ սովորեցրել, որպեսզի ուրախություն պատճառեի նաեւ ծնողներիս: Կինս ինձ համար այն կնոջ օրինակն է, ում երազել եմ կողքիս տեսնել: Նա լավ մարդ է, բարի ու նվիրվող: Սկզբում, ծնողները դեմ էին մեր ամուսնությանը, սակայն Վիկտորիան ժամանակ ունեցավ ուսումնասիրելու մեր արժեքները, ավանդույթները, խոհանոցը եւ նույնիսկ լեզուն »:
Հարսանիքից հետո ամուսնական զույգը վերադառնում է Բուդապեշտ, ուր Ջեկը աշխատանքի է անցնում մասնավոր կլինիկայում՝ աշխատելով 1 տարի: Կարեւոր փաստերից մեջբերենք այն, որ 1988 թ.-ին Սպիտակում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի տուժածների համար մեկնարկած դրամահավաքին, Քաչքարյանների ընտանիքը իր ակտիվ մասնակցությունն է ունեցել եւ զգալի ներդրում է կատարել երկրաշարժի հետեւանքների հաղթահարմանը:
90 ական թթ-ին Ջեկն ընտանիքով տեղափոխվում է Նյու Յորք եւ հիմնում դեղատան փոքր ցանց, որը նրան լավ շահույթ է բերում: Հինգ տարի անց՝ դառնալով հաջող գործարար է Միացյալ Նահանգներում, նա հիմնադրում է դեղագործական ընկերություն եւ գնում միջազգային Karver Holdings եւ Inyx Inc ընկերության բաժնետոմսերը եւ շարունակական առաջընթաց ունենում բիզնեսում:
Մեծ եկամուտներ ունենալով՝ սակայն նա չի մոռանում իր ազգային պատկանելիությունը եւ ցանկություն է հայտնում օգնության ձեռք մեկնել հայ ժողովրդին: Նրա կատարած ներդրումներով ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեծ Բրիտանիայում հայկական հիմնադրամների օգնությամբ կառուցվում են հայկական եկեղեցիներ, հիվանդանոցներ, մշակութային կենտրոններ եւ հայկական կիրակնօրյա դպրոց:
«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ՝ ունենալով հնարավորություն, պետք է աջակցի իր հայրենակիցներին», – ասել է Ջեկը՝ իր հարցազրույցներից մեկում:
2004 թ.-ին նա տեղափոխվում է Կանադա, որտեղ եւ շարունակում է զարգացնել իր դեղագործական բիզնեսը:
http://aadmag.am/