Տարազների ցուցադրություն Պեկինում
Նոյեմբերի 15-ին Պեկինում Չինաստանի միջազգային բարեկամության և մշակութային փառատոների կոմիտեի նախաձեռնությամբ անցկացվեց աշխարհի տարբեր երկրների տարազների ցուցադրություն: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Չինաստանում ՀՀ դեսպանությունից:
Արդեն ավանդույթ դարձած միջոցառմանը հիմնականում մասնակցում էին «Մետաքսի Ճանապարհի» երկրների ներկայացուցիչները: Միջոցառմանը Չինաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ ցուցադրվեցին նաև հայկական ազգային տարազներ:
«Ազգերի բարեկամություն» խորագիրը կրող երեկոյի նպատակն էր հանդիսատեսին ծանոթացնել տարբեր երկրների ավանդույթներին, սովորություններին ու մշակույթին:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էր ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ՉԺՀ մշակույթի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Պեկինում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, Չինաստանի մշակույթի շրջանակների և երկրի առաջատար զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Հայոց պատմության և մշակույթի մաս կազմող ազգային տարազները ներկայացրին և հայկական գեղեցիկ պարով հանդես եկան Արփինե և Արմեն Դերոյանները:
Գունեղ ազգային հագուստների, երգ-երաժշտության ջերմ մթնոլորտում անցած երեկոն նպաստեց ազգերի միջև բարեկամությանն և համերաշխությանը: