Հրանուշ Հակոբյան.«Վարդուհի Վարդերեսյանը հայ թատրոն և կինո բերեց բոլորովին նոր տեսակ»
ԽՍՀՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏՈՒՀԻ, ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾԱՆՈՒՆ ԶԱՎԱԿ ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ, ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ,ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Մեծագույն ցավ ենք ապրում բոլորս: Մեզանից հեռացավ մեր սիրելի Վարդուհի Վարդերեսյանը, որի անզուգական տեսակի, տաղանդի, կանացի և մարդկային հմայքի բացակայությունը զգալու ենք անընհատ և ամենուր…
Վարդուհի Վարդերեսյանն իր ողջ կյանքը նվիրաբերել էր արվեստին` իր կերտած կերպարներով ներկայացնելով դերեր, որոնք ընդգծում էին մարդու հոգեկան պոռթկումները, ոգևորումն ու հիասթափությունը, սերն ու ատելությունը, սպասելիքն ու կորուստը, կարոտն ու հիացումը՝ հանդես գալով որպես ինքնատիպ, բռնկվող, անկեղծ, հաճախ նաև չափազանց ուղղամիտ անհատականություն:
Պատվով ու մեծ ներշնչանքով թե´ Հայրենիքում, թե´ Սփյուռքում տասնամյակներ շարունակ իրականացնելով լուսավոր գործունեություն՝ նա վառ էր պահում հայ դասական մշակույթի անմար կրակը:
Վարդուհի Վարդերեսյանը հայ թատրոն և կինո բերեց բոլորովին նոր տեսակ, նոր որակ՝ շնորհիվ իր դերասանական բացառիկ վարպետության, անզուգական ձայնի ու արևմտահայերենի կատարյալ իմացության` դառնալով հանդիսատեսի ամենապաշտելի դերասաններից մեկը:
Նրա հանդեպ սերն ու խոնարհումն անսպառ է, և այսօր աշխարհասփյուռ հայ ժողովուրդն է սգում նրա մահը:
ՀՀ սփյուռքի նախարարությունը ցավակցում է Վարդուհի Վարդերեսյանի ընտանիքի անդամներին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ողջ անձնակազմին, արվեստասեր հասարակությանն այս անդառնալի կորստի կապակցությամբ:
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ