Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Փարիզում նոր ցուցադրություն է ներկայացրել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/11/Paris-exhibit.jpg)
Նոյեմբերի 5-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Առաջնորդանիստ մայր տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ ցուցադրություն և գրքերի բարեգործական վաճառք: Ֆրանսահայ համայնքին ներկայացվել են փոստային բացիկներ, որոնց վրա պատկերված են հայկական եկեղեցիները: Բացիկները թողարկվել են 20-րդ դարասկզբին միջազգային փոստային ծառայության կողմից, տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքը:
Աշխարհի տարբեր երկրներում տպագրված բացիկներում պատկերված էին Արևմտյան Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և այլ երկրների հայկական եկեղեցիները:
«Եկեղեցիների մեծ մասը չկա: Սա է ցավալի իրողությունը և ցուցադրության խորհուրդը ՝ կապված այս տարվա հետ: Դրանք ավերվել են Եղեռնի տարիներին կամ դրանից հետո թուրքական քաղաքականության հետևանքով, նպատակաուղղված ավերվել են բոլշևիկյան իշխանության օրոք: Հրաշքով պահպանված եկեղեցիների շենքերի նախնական տեսքն եք տեսնում: Դրանք այսօր փոփոխված են: Կա′մ վերածվել են մզկիթի, ինչպես Այնթապի եկեղեցին, կա′մ էլ ամբողջությամբ փոփոխված են, ինչպես օրինակ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցին է: Ավաղ, այս եկեղեցիների մեծ մասը ժամանակի զոհն են դարձել», – ելույթի ժամանակ նշել է ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:
Միջոցառման ընթացքում հնարավոր է եղել ձեռքբերել ՀՑԹԻ հրատարակած գրքերը: Դրանց վաճառքից ստացված գումարը հատկացվելու է սիրիահայերի նպաստամատույցին: Ցուցադրությունը բաց է մինչև նոյեմբեր 22-ը: