Ցեղասպանության վերաբերյալ Անկարայում բացված ցուցահանդեսը դժգոհությունների պատճառ է դարձել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/11/se.jpg)
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Չանքայա շրջանում բացված Հայոց ցեղասպանության մասին պատմող լուսանկարների ցուցահանդեսի շուրջ թուրքական մամուլում ու քաղաքական որոշ շրջանակներում բարձրացած աղմուկը շարունակվում է:
ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ իշխանամետ «Sabah» թերթի կայքը գրում է, որ շատ քաղաքացիներ Չանքայա շրջանի իշխանությունների կողմից նման ցուցահանդեսի համար թույլտվություն տրամադրելը դավաճանություն են համարում: Իսկ Չանքայայի փոխհամայնքապետ Նաֆիզ Քայայի թվիթերյան գրառումը մեծ դժգոհությունների ալիք է բարձրացրել: Նա մասնավորապես գրել է. «Մենք հպարտ ենք այս ցուցահանդեսը հյուրընկալելու համար»:
Նշենք, որ այս առիթով Անկարայի հայատյաց քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը էլ Twitter-ում հետևյալ գրառումն էր արել. «Ամոթ Չանքայայի իշխանություններին: Հայ լուսանկարչի աշխատանքներով հայոց ջարդերի ցուցահանդես է բացվել: Անկեղծ ասած՝ քեզանից չէի սպասում, Ալփեր Թաշդելեն»:
Հիշեցնենք, որ ցուցահանդեսի բացումը կատարվել է նոյեմեբրի 4-ին՝ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահի օգնական Սեզգին Թանրըքուլուի, ԺՀԿ-ի Քոնյայի պատգամավոր Աթիլլա Քարթի, պրոֆեսոր Բասքըն Օրանի և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախկին նախարար Էրթուղրուլ Գյունայի մասնակցությամբ: Չանքայայի ՏԻՄ մարմինների կողմից կազմակերպված ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 22-ը:
«Վկայություններ մի հայ ընտանիքի կորած անցյալի մասին» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են հայ լուսանկարիչներ Ցոլակ և Արամ Դիլդիլյան եղբայրների աշխատանքները: Լուսանկարները պատմում են ինչպես Դիլդիլյան ընտանիքի պատմությունը, այնպես էլ Օսմանյան կայսրության և Թուրքիայի հանրապետության ժամանակներում Անատոլիայում բնակվող հայերի կյանքն ու ճակատագրերը, Հայոց ցեղասպանությունն ու գաղթը: