10-րդ ամենամյա «Նուռ» կինոփառատոնում կներկայացվի «Նեմեսիս գործողություն» խորագրով ծրագիրը

Համազգային հայ կրթական և մշակութային միության 10-րդ ամենամյա «Նուռ» (POM, Pomegranate Film Festival) կինոփառատոնը տեղի կունենա նոյեմբերի 16-ին Կանադայի Տորոնտո քաղաքում: Armenian Weekly-ի հաղորդմամբ՝ կինոփառատոնի տասնամյակի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ «Նուռ»-ը կներկայացնի մեկ շաբաթյա ծրագիր, որը կներառի բազմազան ֆիլմեր, ներկայացումներ և արվեստի ցուցադրություններ: Հատկապես հատկանշական է «Նեմեսիս գործողություն» խորագրով ծրագիրը, որը ներկայացնում է ֆիլմեր, որոնք Ցեղասպանության թեմային առնչվող բարոյական և ինտելեկտուալ հարցեր են առաջ քաշում: Ֆիլմերից յուրաքանչյուրի հիմքում ընկած է բարոյական երկընտրանքի խնդիրը` Ցեղասպանության դաժան իրականությանը առերեսվող թե′ զոհի, և թե′ ոճրագործի համար առաջ քաշված բարդ իրավիճակներում:
Ծրագրի առաջին ֆիլմը ռեժիսոր Ջոն Միլանոյի «Ծղոտե տիկնիկներ»-ն է, որը պատմում է Ցեղասպանության օրերին ծնողների կողմից անտառում թաքցված հայ աղջկա ողջ մնալու համար վտանգներով լի պայքարի և նրան փրկել փորձողների անհավատալի զոհաբերությունների մասին:
Նշանակալի ֆիլմերից է նաև Համլետ Դուլյանի «Ներթափանցում կրակի մեջ»-ը, որը պատմում է Ցեղասպանության սարսափելի բռնությունների մասին: Ֆիլմի սյուժեի հիմքում մի թուրք զինվոր է, որն ստիպված է ներխուժել իր երկար տարիների ծանոթի տուն: Այդ ընտանիքի հետ կապված հիշողությունները ծանր բեռան նման ճնշում են զինվորին, և նա պետք է որոշի` դառնալ գիշատիչ, թե զոհ գնալ իր բանակի ղեկավարների բարկությանը: Ֆիլմը չի արդարացնում նրա արարքները, այլ ավելի շուտ ուսումնասիրում է այն պատճառներն ու ճնշումները, որոնք ազդում են իրադարձությունների զարգացման վրա:
Ֆիլմերի ցուցադրությունից հետո կկազմակերպվի բացառիկ քննարկում դերասան, գրող Էրիկ Պողոսյանի և պրոֆեսոր Մարիան Մեսրոպյան ՄաքՔարդիիմասնակցությամբ:
«Նեմեսիս գործողության» ծրագիրը, կարճամետրաժ ֆիլմերից բացի, կհամալրվի նաև ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի նոր «Խենթ պատմություն» լիամետրաժ ֆիլմով: Այն պատմական դրամա է, որը պատմում է Սողոմոն Թեհլերյանի կողմից 1921 թվականին Բեռլինում Թալեաթ փաշայի սպանության մասին, ապա ներկայացնում է Եվրոպայում թուրքական դեսպանատների ու հյուպատոսարանների պայթեցման դեպքերը: Ֆիլմը որոշակիորեն հենվում է իսպանացի լրագրող Խոսե Անտոնիո Գուռիարանի «Ռումբը» գրքի վրա: Մադրիդում պայթյունի ժամանակ պատահաբար վիրավորված Գուռիարանը որոշում է ուսումնասիրել հայկական հարցը և շուտով դառնում է Հայոց ցեղասպանության հարցը բարձրաձայնողներից մեկը: