Հրանուշ Հակոբյան. Մանջիկյան կատակերգակը իր հումորի միջոցով ցույց է տալիս ճշմարիտ մարդկային հարաբերությունները

Նոյեմբերի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ավստրալահայ երգիծաբան Ապո Մանջիկյանի «Ո՞վ եմ ես» մոնոներկայացումը, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, ոլորտի մասնագետներ:
Հեղինակը ներկայացնում է սփյուռքահայերի կյանքից վերցված ծիծաղաշարժ դրվագներ:
Նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը ներկայացրեց փոխնախարար Սերժ Սրապիոնյանը՝ նշելով. «Սիրով և ջերմորեն ողջունում եմ Ապո Մանջիկյանի «Ո՞վ եմ ես» երգիծական ներկայացման առիթով: Ապո Մանջիկյանի ներկայացման ծիծաղաշարժ դրվագները առնչվում են սփյուռքահայի առօրյային, նրանց հայրենասիրությանը, անձնական և համայնքնային ապրումներին:
Նա իր ներկայացումներով քաջ հայտնի է ավստրալահայ համայնքին, բազմաթիվ ելույթներ է ունեցել Մելբուռնի և Սիդնեյի Համազգայինի թատրոններում: Մանջիկյան կատակերգակը իր հումորի և երգիծանքի միջոցով ցույց է տալիս ճշմարիտ մարդկային հարաբերությունները, հեգնանքով ու սատիրայով ներկայացնում կյանքում տեղ գտած մերժելի երևույթներն ու մարդուն ապականող բարքերը: Նրա կերպարով օտար հանդիսատեսը գաղափար է կազմում հայի անաչառ և կենսունակ տեսակի մասին:Մանջիկյանը երգիծում է կյանքի թե՛ սոցիալական, թե՛ քաղաքական և թե՛ բարոյական արատները»:
Նախարարը հատկապես կարևորեց այն, որ Ապո Մանջիկյանը, ով, ապրելով և ստեղծագործելով Հայրենիքից հեռու, պահպանել է իր ազգային ինքնությունը, հայ մշակույթն ու արվեստը:
Ապո Մանջիկյանը շորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը Հայաստանում հյուրընկալելու և մշտապես աջակցելու համար:
Այնուհետև Հրանուշ Հակոբյանը Սփյուռքում մշակութային զարգացման գործում ներդրած ավանդի համար Ապո Մանջիկյանին ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգիր շնորհեց: