Չինացիները սովորում են հայերեն

2014 թվականի սեպտեմբերից Չինաստանի ԿԳՆ-ի աջակցությամբ Պեկինի օտար լեզուների համալսարանում (ՊՕԼՀ) նույն բուհի ասպիրանտ, Չինաստանի հայկական համայնքի Գործադիր մարմնի անդամ, Չինաստանի հայկական ուսանողական միության գործադիր խորհրդի անդամ Մերի Կնյազյանը դասավանդում է հայերեն լեզու: Հայերենի ուսումնասիրությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել, բազմաթիվ ուսանողներ ցանկություն են հայտնել ուսումը շարունակելու Հայաստանում: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են Չինաստանի հայկական համայնքից:

Ինչպես նշեց հայերենի ուսուցչուհի Մերի Կնյազյանը, ՊՕԼՀ-ը Չինաստանի լեզվաբանական լավագույն բուհերից է, և հայերենի դասավանդումը կարևոր է այստեղ: Հայերեն ուսանում են համալսարանի 2-րդ և 3-րդ կուրսի 11 ուսանողներ՝ որպես երրորդ օտար լեզու: «Լեզուն կամընտրական է,- ասում է նա,- Եվ ոգևորիչ է այն փաստը, որ ուսանողներն այն ընտրել են ըստ ցանկության: Ի զարմանս ինձ, լեզուն այնքան էլ դժվար չի տրվում չինացիներին: Նրանք հայերենի բարդ հնչյունները, ինչպես օրինակ՝ ձ, ծ, ց-ն, արտասանում են զարմանալիորեն սահուն: Լեզվի հետ միասին անցկացնում եմ նաև մշակութային դասեր, ինչն ավելի է մեծացնում լեզվի հադեպ հետաքրքրությունը: Դիտում ենք Հայաստանի մասին ֆիլմեր, լսում՝ հայկական երաժշտություն»:

Չինաստանում Հայկական համայնքի նախագահ Հենրի Արսլանյանն ընդգծեց, որ հպարտությամբ է լցվում, երբ տեսնում է երիտասարդ չինացիների, ովքեր մեծ հաճույքով սովորում են հայերենը, ուսումնասիրում Հայոց պատմությունն ու մշակույթը, ինչպես Չինաստանի հայերն են ուսումնասիրում չինարենն ու չինական մշակույթը:

«Երբ իմացա, որ մեր համալսարանում արդեն կարող եմ սովորել հայերեն, անչափ ուրախացա և անմիջապես օգտվեցի առիթից,-ասաց 21-ամյա Խուան Ծիենյուն (Գուանսի նահանգից),- Հիմա հնարավորություն ունեմ էլ ավելի ծանոթանալու այդ հիասքանչ երկրի մշակույթին և անպայման մեկնելու եմ Հայաստան՝ ճամփորդելու»:

Թայյուանցի Շի Սինգյուն ասաց, որ ընտրել է հայերենը, քանի որ այն ամբողջովին տարբեր է իր իմացած մյուս լեզուներից: Նա նշեց, որ Չինաստանում շատ քչերը կարող են խոսել այս լեզվով, և ՊՕԼՀ-ի դասընթացը լավ հնարավորություն է սովորելու հայերեն: Նա ավելացրեց, որ իր մասնագիտությունն արտաքին առևտուրն է, և հայերենի իմացությունը հնարավորություն կընձեռի զարգացնելու տնտեսական կապերը Հայաստանի և Չինաստանի միջև:

Հ.Գ. Չինահայի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով www.chinahay.com կայքը: Կապ կարող եք հաստատել՝ գրելով contact@chinahay.com  էլ-փոստին։

Չինաստան1

Scroll Up