«Թռչնոց բույնի» մեջ պատսպարված որբերն իրենց գործուն մասնակցությունն ունեցան հայ ժողովրդի վերածննդին». Արամ Ա

Հուլիսի 18-ին Լիբանանում կայացավ «Թռչնոց բույն» հաստատության վերանորոգված շենքի և Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պեզիքյան» թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը:
Հանդիսությանը ներկա էին Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, օտար եկեղեցիների հոգևոր առաջնորդներ և եկեղեցական ներկայացուցիչներ, Լիբանանի մշակույթի նախարար Ռոնի Արաժին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Ժպեյլի քաղաքապետ Զիատ Հավաթը, թանգարանի բարերար Պեզիքյան ընտանիքի անդամներ, պաշտոնական այրեր, «Թռչնոց բույն« հաստատության մեջ պատսպարված նախկին որբեր և այլք: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Կիլիկիո կաթողիկոսության կայք-էջից:
Բացման խոսքով հանդես եկավ «Թռչնոց բույն» խնամակալության ատենապետ Սեդա Խտշյանը: Նա հակիրճ ներկայացրեց դանիական եկեղեցիների նախաձեռնած մարդասիրական հիմնարկը՝ անդրադառնալով «Թռչնոց բույնի» հիմնադիր Մարիա Յակոբսոնի անձնվեր առաքելությանն ու նրա թողած վաստակին: Խոսքի ավարտին տիկին Խտշյանը խոսեց թանգարանի իրագործած աշխատանքների ու նպատակի մասին:
Թանգարանի բարերար Ալեքո Պեզիքյանն իր խոսքում նշեց, որ իր հայրը Հայոց ցեղասպանության արհավիրքից ճողոպրած հազարավոր որբերից մեկն է եղել, ով պատսպարվել է այս մարդասիրական հաստատության ներսում: Նա հավելեց, որ իր համար բարոյական պարտավորություն էր այս բարերարությունը՝ նախ իր երախտագիտությունը հայտնելու հաստատության բոլոր անձնվեր ծառայողներին և ապա իր հոր հիշատակի միջոցով հարգելու այն բոլոր որբերին, որոնց դերը հսկայական եղավ հայ ժողովրդի գոյատևման մեջ:
Ժպեյլի քաղաքապետ Զիյատ Հավաթն իր խոսքում անդրադարձավ «Թռչնոց բույն» հաստատության կարևորությանը, դրվատանքով արտահայտվեց քաղաքի զարգացման ու բարգավաճման գործում հայ ժողովրդի ունեցած ներդրումի մասին: Քաղաքապետը վստահեցրեց, որ նորակառույց այս թանգարանը հատուկ տեղ պիտի գրավի Ժպեյլի զբոսաշրջության զարգացման գործում:
Լիբանանի Խորհրդարանի նախագահ Նեբիհ Բըրի և վարչապետ Թամմամ Սալամի անունից խոսք ասաց Լիբանանի մշակույթի նախարար Ռոնի Արաժին:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընթերցեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը:
Ելույթ ունեցավ նաև Մարոնի եկեղեցու Պատրիարքը, ով անդրադարձավ Լիբանանի հայ համայնքի կարևորությանը: Պատրիարքը հիշեց Հայոց ցեղասպանությունը, նշելով, որ Լիբանանի ժողովուրդն անմասն չի մնացել Օսմանյան պետության սփռած արհավիրքից և նա նույնպես ենթարկվել է սովի ու կոտորածների:
Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն իր խոսքում կարևորեց «Թռչնոց բույնի» առաքելությանը հավատացող բոլոր անձնվեր ծառայողների և բարերարների աշխատանքը: Ապա անդրադարձավ Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պեզիքյան» թանգարանի յուրահատկությանը, վստահեցնելով, որ թանգարանի բացումը պարզապես սկիզբ է: Արխիվների հավաքման աշխատանքները պիտի շարունակվեն և մեր հաջորդ քայլը պիտի լինի ցեղասպանության ուսումնասիրության հատուկ կենտրոնի ստեղծումը:
Վեհափառն իր խոսքում գնահատեց Պեզիքյան ընտանիքին, բոլոր ճարտարապետներին ու մասնագետներին, որոնք իրականացրեցին այս արդիական և պատվաբեր թանգարանի իրագործումը:
Ողջունելով հոգևոր պետերի և եկեղեցական ներկայացուցիչների, դեսպանների և պետական ու քաղաքական հյուրերի ներկայությունը՝ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ասելով, որ նրանք մասնակիցը դարձան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ձեռնարկներին՝ գործնապես իրենց զորակցությունը հայտնելով հայ ժողովրդի պահանջատիրական պայքարին:
Անդրադառնալով Ցեղասպանության 100-րդ տարելիցի իմաստին ու պատգամին, Վեհափառ Հայրապետը ասաց, որ թանգարանը մեր ժողովուրդին համար կոչ է՝ հիշելու մեր նահատակներին ու վերանորոգելու մեր հավատարմությունը՝ նրանց սրբազան կտակին նկատմամբ: Միաժամանակ հիշեցնելու համայն մարդկությանը, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հրամայական է` կանխելու այլ ցեղասպանություններ, ինչպես նաև արդարություն պահանջելու ցեղասպան Թուրքիայից:
Խոսելով թանգարանին մասին, Նորին Սրբությունը Հայոց ցեղասպանության որբերին նվիրված այս թանգարանը նկատեց որպես կենդանի հիշատակարան մեկուկես միլիոն նահատակների, որոնք զոհը դարձան Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված ու գործադրված ցեղասպանությանը: Եվ հավելեց. «Թանգարանը նաև կենդանի հուշարար է հազարավոր որբերի, որոնք Լիբանանի մեջ խնամք ու դաստիարակություն ստացան` ամերիկյան, շվեյցարական ու դանիական մարդասիրական կազմակերպությունների կողմից: Թանգարանը խոսուն վկայություն է այն նշանակալի դերի, որ Լիբանանը ունեցավ հայ ժողովրդի վերածննդի մեջ: Արդարև, Թուրքիայում մեր ժողովուրդը ատելություն ու ջարդ տեսավ: Սակայն արաբական աշխարհի ու հատկապես Լիբանանի մեջ նա սեր ու կյանք գտավ: Ահա թե ինչու Լիբանանը դարձավ սիրտը Սփյուռքի հայության: «Թռչնոց բույնի» և Լիբանանի այլ որբանոցների մեջ պատսպարված մեր որբերն իրենց գործուն մասնակցությունը բերեցին հայ ժողովրդի վերածննդին տարբեր երկրներում»:
Եզրափակելով իր խոսքը՝ Վեհափառ Հայրապետը ասաց, որ «Թռչնոց բույնի» մեջ խնամված ու դաստիարակված որբերից Արամ Պեզիքյանի զավակը՝ Ալեքո Պեզիքյանը, այս թանգարանի բարերարությունը ստանձնել է՝ որպես հիշատակ իր հոր և երախտագիտություն` Լիբանանի նկատմամբ:
Հանդիսության ավարտին բոլոր հյուրերը ուղղվեցին դեպի թանգարան, որտեղ Նորին Սրբությունը, կտրելով ժապավենը, որբերի պատմության վկայարանի բացումը կատարեց: Այնուհետև ներկաները Վեհափառ Հայրապետի ընկերակցությամբ ծանոթացան թանգարանի ցուցադրությանը: