Բայց ի՞նչ արած պիտի գնանք, մնա՛ք բարով…

Այսօր բոլոր դպրոցներում հնչում է Վերջին զանգը: «Հայերն այսօրի» զրուցակիցները օրվա «մեղավորները»՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան»  հանրակրթական ուսումնական հաստատության շրջանավարտներն են: Նրանք լուսավոր ժպիտներով, մի փոքր թախծած՝ խոսում են դպրոցական թանկ ու անփոխարինելի հուշերից…

Տիգրանուհի Մկրտչյան.«Այնպիսի զգացողություն ունեմ, որ ասես մի մասնիկս են խլում ինձանից»                                                                                                                                       

Ի՞նչ զգացողություններով եք պարուրված դպրոցն ավարտելու շեմին

Անկեղծ ասած դժվարանում եմ նկարագրել զգացողություններս: Առաջին հայացքից սովորական ոսումնական տարիներ էին, որ հասան իրենց տրամաբանական ավարտին, բայց երկար մտածելուց հետո հասկանում եմ, որ այս անգամ դպրոցից բաժանվում եմ ոչ թե ամառային արձակուրդի երեք ամսով,այլև ընդմիշտ, ինչն էլ ինձ ամենաշատն է տխրեցնում:

Վերջին զանգի խորհուրդը

Վերջին զանգ…օր, որով ավարտվում են մեր անհոգ տարիները: Օրն իր մեջ ներառում է արցունքոտ ժպիտներ, հիշողություններ, անսպառ հիշողություններ:

պրոցական տարիները…

-Յուրաքանչյուր տարի հիշարժան է յուրովի, բայց կառանձնացնեմ ավագ դպրոցում   անցկացրած տարիներս, որոնք իմ՝ դպրոցում անցկացրած ամենալուսավոր, ջերմ և անմոռանալի տարիներն էին:

– Հիշարժան դրվագներ դպրոցական օրերից…

-Անցյալ տարվա սկզբին՝ սեպտեմբերի 22-ին, որոշեցինք արագ սնունդ պատվիրել: Հավաքեցինք բոլորիս մոտ եղած վերջին գումարը և պատվիրեցինք: Անհամբերությամբ սպասում էինք,թե երբ պետք է պատվերը բերեն (երևի պատկերացնում եք՝ ինչքան քաղցած էինք): Պատվերը բերեցին, բայց մեզ չհասավ: Դասղեկս, իմանալով այդ մասին, անչափ բարկացել էր, որ իրեն չենք զգուշացրել, և պատվերը վերցրեց մեր ձեռքից: Ամբողջ օրն անցկացրինք քաղցած, բայց դա էլ հաճելի հիշողություն մնաց:

Ինչպե՞ս անցան դպրոցական տարիները

-Այնքա՜ն լավ,որ չեմ ուզում ավարտել դպրոցը, չեմ ուզում վերջանա այս հեքիաթը,որը շարունակվեց  12 տարի: Իմ սրտի մի կտորը թողնում եմ իմ մեծ ընտանիքում, ուր մտել եմ որպես մանուկ,և որտեղից դուրս եմ գալիս, որպես հասուն մարդ:

  Հիշողություններ ուսուցիչներից, դասղեկից, դասընկերներից…

-Դասղեկս եղել է իմ ավագ ընկերը, իմ խորհրդատուն,և վստահ կարող եմ ասել,որ նրա խորհուրդներն ու խրատները ամբողջ կյանքում կուղեկցեն ինձ և հետ կպահեն սխալ քայլերից: Այս տարիների ընթացքում շա՜տ-շա՜տ եմ բարկացրել ուսուցիչներիս, բայց ներող և միշտ ըմբռնող ուսուցիչները հանդուրժել են բոլոր չարաճճիություններս: Ընկերներիս,ուսուցիչներիս և դասղեկիս հետ անցկացրած ամեն վայրկյանը թանկ է ինձ համար ու հիշվող. հիմա, երբ նրանցից պետք է բաժանվեմ, այնպիսի զգացողություն ունեմ,ասես իմ մի մասնիկն են խլում ինձանից:

– Դասղեկս

-Ընկեր Սարգսյան ջան, Ձեր,ինչպես Դուք եք ասում, «աննորմալն» ավարտում է դպրոցը: Հիշե՛ք, որ Ձեզ  շա՜տ-շա՜տ սիրում եմ և ուզում եմ, որ միշտ ժպտաք, առողջ լինեք ու ամենակարևորը՝ միշտ մեր կողքին:

Անի Սայադյան. «Դասղեկիս, ուսուցիչներիս, դասընկերներիս հետ  հոգևոր   կապի  ու ներդաշնակության մեջ եմ» 

Ի՞նչ զգացողություններով եք պարուրված դպրոցն ավարտելու շեմին

-Զգացողություններս աննկարագրելիորեն տարբեր են ու հակասական: Ուրախությունն  ու  հուզմունքը միախառնվել են   թախծի  և անորոշության զգացումների հետ:  Ինքս էլ   լիովին  չեմ կարող   նկարագրել զգացումներս, քանզի  դրանք ինձ համար էլ են անսովոր: Միայն մի բան կարող եմ հստակ ասել, որ  ետ նայելով ու վերլուծելով  հասկանում եմ՝ պատահականություններ գրեթե չեն լինում: Ամեն ինչ լինում է այնպես, ինչպես սահմանված է ի վերուստ:

Վերջին զանգի խորհուրդը

-Այս տոնը, իսկապես մեծ խորհուրդ է իր մեջ ամփոփում: Չկրկնվելով ասեմ, որ  յուրաքանչյուրիս համար  մեր  կյանքի ամեն փուլ  իր  առանձնահատուկ կարևորությունն ու նշանակությունն ունի: Վերջին զանգ ասվածը  այն  մեծ  խաչուղին  է, որի առջև կանգնած՝ փորձում ենք ինքներս մեզ հաշվետու լինել: Մանկությունն ու պատանեկությունը սահուն կերպով իրենց տեղն են զիջում  երիտասարդությանը: Իսկ արդեն վերջին զանգից հետո ամեն բան ուրիշ է լինում:

պրոցական տարիները…

-Ամեն տարին  եղել է յուրովի  ինքնատիպ ու չկրկնվող: Սկզբում`  մանկական անհոգ տարիներն էին, որոնք իրենց հետ բերել են սեր , ջերմություն ու ժպիտներ, իսկ հետո ` դպրոցի հանդեպ սերն ու կապվածությունը  մեզանում դրսևվորվել  է  արդեն գիտակցական  մակարդակում: Հենց այս ժամանակահատվածն էլ  դարձավ  ինձ համար առավել   տպավորիչ:

-Հիշարժան դրվագներ դպրոցական օրերից…

-Հիշելու  առիթներ  շատ  եմ ունեցել: Դրանցից կառանձնացնեմ այն շրջանը, երբ մենք ամբողջ դպրոցով գնում էինք ճամբար`բնության գրկում ամառային հանգիստն  անցկացնելու: Այդ օրերը ինձ շատ են տպավորել: Առավել հիշարժան են ինձ համար  խաղերը, որոնց մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկյան հանրակրթական դպրոցի մեր շատ սիրելի տեսուչ, Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի տնօրեն Վարդան եպիսկոպոս Նավասարդյանն ու ուսուցիչները:

-Ինչպե՞ս անցան դպրոցական տարիները

-Ետ նայելով հասկանում եմ,  որ դպրոցական տարիներս  ակնթարթի պես են անցել…

– Հիշողություններ ուսուցիչներից, դասղեկից, դասընկերներից…

-Դասղեկիս, ուսուցիչներիս, դասընկերներիս հետ  մի յուրօրինակ հոգևոր   կապի  ու ներդաշնակություն մեջ եմ: Դա բնական է, քանզի  նրացից  յուրաքանչյուրը կյանքիս ինչ-որ փուլում իր առանձնահատուկ հետագիծն է թողել:Ամեն անգամ օրերս վերանայելիս  անպատճառ  պիտի մտաբերեմ նրանց :

– Դասղեկս

-Անհաշիվ մաղթանքներ ունեմ դասղեկիս, բայց ամենից զատ  կմաղթեմ անսահման  առողջություն` կրթելու մեզնից հետո եկող սերունդներին, եռանդ ու համբերություն` դիմանալու ու միաժամանակ  սիրելու այնքան չարաճճի   նորանոր սերունդների:

Գայանե Ախոյան. «Երանի՜ կյանքում ամեն ավարտ այսպես լիներ` բարի ու խոստումնալից» 

Ի՞նչ զգացողություններով եք պարուրված դպրոցն ավարտելու շեմին

-Եթե կարելի է միապաղաղությունը զգացողություն համարել, ապա ասեմ, որ փոքր-ինչ միապաղաղություն ու դատարկություն եմ զգում:

Վերջին զանգի խորհուրդը

-Կարծես անցյալի և ապագայի միաձուլում լինի. մի պահ, երբ միմյանց են խառնվում անցյալդ, ներկադ ու ապագադ: Երանի՜ կյանքում ամեն ավարտ այսպես լիներ` բարի ու խոստումնալից…

պրոցական տարիները…

-Չեմ կարող առանձնացնել դպրոցական տարիներն ու առավել հիշարժանն ընտրել. բոլոր տարիները դժվարություններով ու առաջընթացներով հանդերձ՝ փակել եմ իմ սրտի մի մեծ անկյունում՝ ամու՜ր-ամու՜ր…

– Հիշարժան դրվագներ դպրոցական օրերից…

-Դպրոցական անմոռանալի տարիներից վառ տպավորվել է անփոխարինելի դասղեկիս ծննդյան տարեդարձներից մեկը, երբ մեկ շաբաթ միասնաբար ամբողջ դասարանով պատրաստվում էինք այդ օրվան:

Վերջում ստացվեց այնպես, ինչպես պետք է լիներ՝ հակառակ մեր ծրագրածի: Իհարկե ամեն ինչ գեղեցիկ էր, մեր սիրելի դասղեկն առանց իմանալու կազմակերպեց ամեն բան, և նա մինչ օրս էլ չի կռահել, թե ինչպես օգնեց մեզ բոլոր հարցերում:

– Ինչպե՞ս անցան դպրոցական տարիները

– Մինչ մտքում փորձեք հաշվել 1-ից մինչև 12-ը, ես կապացուցեմ ձեզ, որ ավարտվեցին իմ դպրոցական պայծառ օրերը:

իշողությունները ուսուցիչներից, դասղեկից, դասընկերներից…

-Ամենից շատ սիրում էի ուսուցիչներիս, դասղեկիս, դասընկերներիս հետ ունեցած ճամբարային բացօթյա զրույցները (մեր անկեխծության ժամերն էին):

Ինքս ինձ գտա այդ զրույցների ժամանակ: Վառ գույներով եմ հիշում բոլորիս մեկնաբանությունները, անգամ դասղեկի կողմից խնամքով ընտրվաց թեմանները…

-Դասղեկս…

Մեկ արտահայտությամբ կպատասխանեմ հարցին.«Շնորհակալ եմ դպրոց կոչվող այս մեծ դարբնոցում դասղեկիս՝ Գյուլնարա Սարգսյանին,  հանդիպելու համար»:

Պատրաստեց Գևորգ Չիչյանը

 verjinnn

Հ.Գ.-«Հայերն այսօրը»   Թաթա  Սիմոնյանի  «Վերջին զանգ»  տեսահոլովակը նվիրում է բոլոր շրջանավարտներին՝ մաղթելով հաջողություններ և հաղթանակներ կյանքի նոր շրջափուլում:

Scroll Up