Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և արաբական հեռուստաալիքները

«Հայերն Այսօր»-ի տեղեկացմամբ՝ www.alhayat.com կայք–էջում Հուշնեք Աուսին գրում է.
– Մեծ լսարան ունեցող արաբական լրատվամիջոցներից երկու ամենահռչակավոր լրատվական ալիքները` «Ալ–Արաբիա»-ն և «Ալ Ջազիրա»-ն անտեսեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ձեռնարկները: Ցեղասպանություն, որը կատարվեց Օսմանյան պետության կողմից 1915-1918 թվականներին, որին զոհ գնացին 1,5 միլիոն հայեր ու հազարավոր այլ քրիստոնյաներ` արամեացիներ, ասորիներ, ինչպես նաև հույներ և քրդեր:
Ամենամասսայական արաբական կայք–էջերը լրատվական տեղեկագրերով, հարցազրույցներով և հոդվածներով ուշադրություն դարձրին այս հիշատակին և նրա փոխազդեցության վրա: Նրանք ունեցան տարբեր մեկնաբանություններով կարծիքներ, անգամ հակասական. մեկը հայերի կողմից իսկ մյուսը՝ թուրքերի, և կամ չեզոք դիրքորոշում:
«Ալ–Արաբիա»-ն ու «Ալ–Ջազիրա»- ն երբեք չանդրադարձան այս պատմական դաժան իրադարձությանը:
Այս անտեսման քաղաքականության հետ զուգընթաց՝ Սիրիայի և Լիբանանի հեռուստաալիքները և լրատվամիջոցները, որոնք Թուրքիայի կառավարության դեմ են, քանի որ նա օժանդակում է ընդդիմադիր խմբավորումներին, որոնք ջանում են տապալել Ասադի վարչակարգը, առիթը օգտակործեցին քննադատելու Թուրքիային ոչ թե ի սեր հայերի, այլ Թուրքիայի կառավարության և նրա նախագահի՝ Էրդողանի հանդեպ ունեցած ատելության համար:
BBC-ի արաբերեն լեզվով հեռուստաալիքը անդրադարձավ Հայաստանում կազմակերպված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ձեռնարկներին, միևնույն ժամանակ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին, որին ներկա էր արքայազն Չարլզը և իր որդին, ինչպես նաև այլ երկրների ղեկավարներ, որոնց թվում էին Քաթարի, Իսրայելի, Նոր Զելանդիայի և Ավստրալիայի ներկայացուցիչները: Այդ պատճառով Ցեղասպանության առիթը լայն տեղ չգրավեց BBC-ի լրատվական հաղորդումների մեջ: Չմոռանանք, որ Անգլիան միչև այսօր չի ճանչել Հայոց ցեղասպանությունը:
France-24-ի արաբերենով հեռարձակվող հեռուստաալիքը BBC–ի նման համեստ և չեզոք ձև որդեգրեց, չնայած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ներկա էր Հայաստանում կազմակերպված ոգեկոչման ձեռնարկներին և ելույթ ունեցավ:
Արաբական արբանյակային հեռուստաալիքներից կարելի է նշել մեկը միայն՝ Sky News–ը, որ հեռարձակեց հավասարակշռված և անկողմնակալ վերլուծականով լուրեր և հատկապես «Մոդեն» ծրագրում Դարին Ալ–Հիլվայի պատրաստած տեղեկագիրը և «Ալ–Ահրամ» ռազմավարական ուսումնասիրության կենտրոնի մասնագետ Մուհամմադ Աբդուլ Քադիրի հետ արժեքավոր հարցազրույցը:
Այնուամենայնիվ, հասկանալի է «Ալ–Ջազիրա»-ի անտարբերությունը թուրք–քաթարական ռազմավարական հարաբերությունների առումով և Քաթարի Ամիրի ներկայությունը Գալիպոլիի ձեռնարկին: Սակայն անհասկնալի է «Ալ–Արաբիա«-ի անտարբերությունը, անգամ եթե նա զբաղված է Եմենի կռիվների հաղորդագրությամբ: