ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանն ընդունեց ավստրալացի գրող, ՄԱԿ-ի աշխատակից Լեն Ուիքսին և ավստրալահայ Վարդգես Սարգսյանին

Ապրիլի 27-ին ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը ընդունեց ավստրալացի գրող, ՄԱԿ-ի աշխատակից Լեն Ուիքսին և ավստրալահայ Վարդգես Սարգսյանին:

 gargule.net էլեկտրոնային կայքի հիմնադիր Վարդգես Սարգսյանը ներկայացրեց կայքի գործունեությունն ու նպատակը, որի թիրախը Հայոց ցեղասպանության քարոզչությունն է վիրտուալ ճանապարհով:

 Այնուհետև Լեն Ուիքսը, ով միաժամանակ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի քաղաքացի է,  փոխնախարարին ներկայացրեց իր «Ծագումը: Բացահայտում» վեպը, որը պատմում է Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի պատմության, մշակույթի և գոյատևման մասին: Հեղինակի նպատակն է ողջ աշխարհին հասանելի դարձնել Հայաստանի և նրա դարավոր պատմության մասին ճշմարտությունը: Ուիքսը նշեց, որ ի սկզբանե վեպ գրելու մտադրություն չի ունեցել, սակայն Հայաստան, մասնավորապես Վայոց Ձորի մարզ՝ Արենի այցելելուց հետո, ոգեշնչվելով Նորավանքը շրջապատող բարձրաբերձ լեռներով, հին հնագիտական քարանձավով, հայկական գինիով և հայ ժողովրդի մշակույթով` հասկացել է, որ կա մի անծանոթ, բայց իմաստալից պատմություն, որը արժե պատմել:

 Ուիքսը հայտնեց նաև գրքի հիման վրա ֆիլմ նկարահանելու մտադրության մասին, որը կարևոր ուղերձ կարող է լինել Թուրքիային, ինչպես նաև այն պետություններին, որոնք Ցեղասպանությունը ճանաչելու  խիզախություն չեն ունեցել:

 Սերժ Սրապիոնյանը բարձր գնահատեց  նախաձեռնությունը և կարևորեց այն, որ օտարերկրացիներն են գրում Հայոց ցեղասպանության, Հայաստանի մշակույթի և պատմության մասին՝ այն լսելի դարձնելով ամբողջ աշխարհին:

 Լեն Ուիքսը «Ծագումը: Բացահայտում» գիրքը  նվիրեց Սփյուռքի նախարարությանը:

gir

Scroll Up