Սև ծովի ափին կատարվեց ծառատունկ, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Ապրիլի 18-ին Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարթուղիմեոս քահանա Հակոբյանի օրհնությամբ   եկեղեցու Ծխական Խորհուրդը կազմակերպել էր Ծառատունկ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին տեղեկանում են  Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցու Ծխական խորհրդի գրասենյակից:

Ծառատունկի համար Վառնայի քաղաքապետարանի կողմից հատկացվել էր մասնավոր տարածք անմիջապես Սև ­ծովի ափին: Առավոտյան  Վառնայից մեծ թվով հայեր իրենց հոգևոր հովվի առաջնորդությամբ սկսեցին ծառատունկը:

Արժանապատիվ տեր հայրը նախ կատարեց «Այգու օրհնութեան» կարգ, օրհնեց տնկիները և իր օրհնության խոսքում շնորհակալություն հայտնեց Վառնայի քաղաքապետարանին՝ իրենց նախաձեռնությանն աջակցելու համար և մասնավորապես նշեց. «Այս ծառատունկի միջոցով, ևս մեկ անգամ մենք մեր համայնքում հավերժացնում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այստեղ ապրող գրեթե ամեն մի հայ ընտանիք ունեցել է կորուստ Մեծ Եղեռնի օրերին և յուրաքանչյուր ընտանիքի տնկած ծառը կդառնա խոսուն վկան այդ ողբերգության»:

Այնուհետև Տեր Բարթուղիմեոսն իր իսկ ձեռքով տնկեց առաջին տունկը: Ծառատունկի մասնակիցները 100 խորհրդանշական ծառ տնկեցին ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ:

Ծրագրվում է հետագայում տեղադրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար:

Scroll Up