Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդներն այցելեցին «Դեպի Հայք» հիմնադրամ
Հուլիսի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչներ» դասընթացի մասնակիցներն այցելեցին «Դեպի Հայք» հիմնադրամ, որտեղ հանդիպեցին հիմնադրամի գործադիր տնօրեն Սևան Կաբակյանին և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի տնօրեն Վարդան Մարաշլյանի հետ:
Հանդիպման սկզբում Սևան Կաբակյանը ողջունեց սփյուռքահայ երիտասարդների այցելությունը Հայաստան, ապա, ներկայացնելով «Դեպի Հայք» հիմնադրամի ստեղծման պատմությունն ու գործունեությունը, հետևյալն ասաց. «Հիմնելով այս հիմնադրամը՝ բոլորիս նպատակն էր ամրապնդել Հայաստանի և Սփյուռքի երիտասարդների միջև կապերը, ցույց տալ նրանց Հայաստանի պատմամշակութային վայրերը, կամավորական աշխատանքի միջոցով նպաստել Հայաստանի զարգացմանը՝ բարձրացնելով Սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնագիտակցությունը»:
Սևան Կաբակյանն ընդգծեց, որ «Դեպի Հայքը» բաց ծրագիր է, որին կարող են մասնակցել 20-32 տարեկան սփյուռքահայ երիտասարդներ: Ծրագրի տևողությունը 9 շաբաթից մինչև մեկ տարի է: Ներկայացնելով ծրագրի շրջանակներում իրականացվող կամավորական աշխատանքները՝ Սևան Կաբակյանը շեշտեց, որ կազմակերպությունն ամեն ջանք գործադրում է, որպեսզի կամավորի փորձառությունը Հայաստանում նպատակային լինի:
«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի տնօրեն Վարդան Մարաշլյանի խոսքով նմանօրինակ հանդիպումները սփյուռքահայ երիտասարդներին ոգեշնչում են համայնքներում հայապանպանական տարբեր ծրագրեր իրականացնել և, որն ամենակարևորն է` պահպանել սեփական ինքնությունը:
Հանդիպմանը ներկա էին նաև «Հայ կամավորների միություն» կազմակերպության գործադիր տնօրեն Թանիա Շիշանյանը և «Հայաստանի ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության ռեսուրսների զարգացման ղեկավար Ռուզաննա Սաքանյանը: Նրանք ևս երիտասարդներին ներկայացրեցին իրենց կազմակերպությունների իրականացրած աշխատանքը, նպատակներն ու հանդես եկան գործնական խորհուրդներով:
«Դեպի Հայք» ծրագրի մասնակիցներից Մանե Հակոբյանը (Սանկտ Պետերբուրգ), Անահիտ Խալաթյանը (Մոսկվա), Մարալ Մանուկյանը (Սիդնեյ) և Տիգրան Խոդանյանը (ԱՄՆ) երիտասարդ առաջնորդներին պատմեցին ծրագրից ստացած տպավորությունների մասին, ապա հորդորեցին նրանց հաճախ Հայաստան գալ ՝ չմոռանալու համար իրենց արմատները: